Սուրբ Ամենափրկիչ Տաճար, Սպահան, Իրան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իրան

Իրանի հայ համայնքը բազմադարյա պատմություն ունի։ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկը գտնվում է Սպահան քաղաքում՝ Զայանդերուդ գետի ափին։ Սպահանի հայկական թաղամասում՝ Նոր Ջուղայում, գտնվում է ավելի քան 10 եկեղեցի, որոնցից ամենակարևորը Սուրբ Ամենափրկիչ տաճարն է, որն առավել հայտնի է «Վանք» անվամբ։

Տաճարը մտնում է վանական համալիրի մեջ, կառուցված դեռևս Շահ Աբբաս Մեծի իշխանության տարիներին, ով 1603-1606 թվականներին Ջուղայից բազմաթիվ հայերի վերաբնակեցրեց Սպահան։ Հենց այդ հայերը 1608 թվականին այժմյան վանքի տեղում ձեռնարկեցին եկեղեցու շինարարություն։ Կես դար հետո եկեղեցին ընդարձակվեց` Խոջա Ավետիք Ստեփանյանի (Ստեփաննոսեան) առատաձեռնության շնորհիվ, ինչպես նաև կառուցվեցին կից վանական շինությունները։

Վանական համալիրը ներառում է Սուրբ Ամենափրկիչ տաճարը, վանականների խցեր, գեղեցիկ ուղղանկյուն զանգակատուն, գրադարան, ինչպեսև շատ հայտնի թանգարան՝ հիմնադրված 1930-ական թվականներին։ Թանգարանում պահվում է «Ավետարանի»` աշխարհում ամենափոքր օրինակներից մեկը, որը կշռում է ընդամենը 7 գրամ։ Վանք տաճարի շրջակայքում հուղարկավորված են ոչ միայն տեղական հայ հոգևորականները, այլև եվրոպական դիվանագետներ, որոնք վախճանվել են Սպահանում։

Սուրբ Ամենափրկիչ տաճարը դրսից բավական համեստ տեսք ունի։ Այն երկհարկ շինություն է կլոր գմբեթով՝ կառուցված իրանական մզկիթների ոճով։ Եթե չլինեին զանգակատան տանիքի խաչով զարդարված սրածայր գագաթը և շինության արտաքին պատերի վրա մզկիթներին հատուկ երկնագույն հախճասալե ծածկույթի բացակայությունը, ապա բավական դժվար կլիներ այն մզկիթից տարբերելը։ Եկեղեցին, մահմեդական մզկիթների պես, ունի դեկորատիվ կամարներ շենքի երկու հարկերի վրա։ Սակայն ներսից տաճարը բոլորովին նման չէ մզկիթի։ Տաճարի ներքին տարածությունը բաժանվում է երկու համարյա հավասար մասերի։ Շինության շքեղորեն զարդարված ինտերիերը առանձնապես տպավորում է իր որմնանկարներով, որոնք շենքին հաղորդում են յուրօրինակ պայծառություն և ծածկում են պատերի և առասատաղի յուրաքանչյուր սանտիմետրը։ Առաստաղը և պատերը ոսկեզօծված են։ Որմնանկարներում գերակշռում է նաև մուգ կարմրագույն երանգը, որը հատուկ է հայկական եկեղեցական որմնանկարներին և միջնադարյան մանրանկարչությանը։ Համաձայն ավանդության, տաճարի պատերը նկարազարդել է հայտնի գիտնական և նկարիչ Հովհաննես Մրքուզը / Ջուղայեցին (1642-1716)։ Պատերի որմնանկարներում պատկերված են տեսարաններ Հին և Նոր կտակարաններից։

Վանական համալիրը, մշակութային տեսանկյունից, կարևոր է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլև հենց Հայաստանի և Իրանի համար։ Հայաստանի համար վանքն ունի հսկայական մշակութային նշանակություն։ Չորս դարից ավելի այն ծառայել է ոչ միայն որպես Սպահանի հայ համայնքի հոգևոր կենտրոն, այլև Հայաստանին տվել է մի քանի կաթողիկոս։ Հենց այստեղ է «Ավետարանը» թարգմանվել պարսկերեն։ Այստեղ է 1638 թվականին Իրանում առաջին անգամ հիմնադրվել տպարան և տպագրվել Մերձավոր Արևելքի առաջին տպագիր գիրքը՝ հայերենով։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ