Հելսինկյան Տաճար, Հելսինկի, Ֆինլանդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆինլանդիա

Հելսինկիի Սենատի հրապարակի վրա՝ Ֆինլանդիայի վարչապետի նստավայրից ոչ հեռու, վեր է խոյանում մի հսկա եկեղեցի, որը կառուցվել է Ռուսական կայսրության կողմից 19-րդ դարի սկզբում այս երկիրը նվաճելու հետևանքով։ Ռուսական բանակի կողմից Հելսինկին գրավելը հրդեհի պատճառ էր դարձել, որի հետևանքով այրվել էր քաղաքի կեսը։ Հենց քաղաքի հետագա վերականգնման ժամանակ էլ, Ռուսաստանի միապետի ղեկավարությամբ, կառուցվեց Հելսինկյան տաճարը (Helsingin Tuomiokirkko)։ Տաճարը կառուցվել է 1830-ից մինչև 1852 թվականը։

Իր գոյության մեկուկես դարի պատմության ընթացքում տաճարը բազմիցս վերանվանվել է։ Սկզբնական շրջանում այն անվանում էին Սուրբ Նիկոլայի տաճար՝ ի պատիվ Ռուսաստանի միապետ Նիկոլայ Առաջինի, որը նաև Ֆինլանդիայի Մեծ իշխանն էր։ Ավելի ուշ այն վերանվանվեց Մեծ եկեղեցու (ֆինն.՝ Suurkirkko), իսկ արդեն 1959 թվականին ստացավ Հելսինկյան տաճար անունը։

Տաճարի ճարտարապետը ծագումով գերմանացի Կարլ Լյուդվիգ Էնգելն էր, որը սակայն վախճանվեց մինչ եկեղեցու աշխատանքների ավարտը։ Նրան փոխարինեց Էռնստ Լորմաննը։

Դեպի ծավալուն սպիտակ եկեղեցին, որը գտնվում է իշխող բարձրության վրա և առանձնանում է հրապարակից, տանում է երկար աստիճանաշարք։ Համաձայն ավանդույթի, այս աստիճանի ստեղծման մտահղացումը պատկանում է Ալեքսանդր Երկրորդ ցարին։ Տաճարը կառուցվել է նեոկլասիկ ոճով։ Այն ունի խաչաձև պլան՝ կենտրոնում խոշոր կլոր գմբեթով։ Շինությունը զարդարված է անտիկ հունական ճարտարապետության ոճի կամարներով։ Տաճարի գմբեթները նուրբ կանաչավուն երանգ ունեն։ Շենքի տանիքի վրա գտնվում են 12 առաքյալների ցինկե արձանները։

Ներսից տաճարը անսպասելիորեն համեստ է։ Այդպիսի համեստությունը պայմանավորված է նրանով, որ այն պատկանում է Ֆինլանդիայի Ավետարանական-լյութերական եկեղեցուն։ Լյութերական եկեղեցիները սովորաբար քիչ են զարդարված՝ ի տարբերություն շքեղ զարդարված կաթոլիկ սրբավայրերի։ Ներքին պարզությունը համահունչ է շենքի արտաքին դասական ձևին և ստեղծում է անսահման ներդաշնակության զգացողություն։ Հանդարտության ու ներդաշնակության զգացումը կա նաև եկեղեցու պատերից դուրս, որտեղից բացվում է հրաշալի տեսարան քաղաքի վրա։ Տաճարը կառուցվել է Պետերբուրգի Իսահակի տաճարի հետ միաժամանակ, և նրա հետ ունի բազում նմանություններ։ Հետաքրքիր է, որ Հելսինկյան տաճարը այժմ ոչ միայն չի տուժում իր կառուցման «զավթողական» համբավից, այլև համարվում է Ֆինլանդիայի կարևորագույն ճարտարապետական հուշարձաններից և խորհրդանիշերից մեկը։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ