Հավուց Թառ, Գառնի, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Հավուց Թառ վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնիից ոչ հեռու, Ազատ գետի ձախ ափին գտնվող լեռան գագաթին: Վաղ միջնադարում վանքը Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն էր: Ըստ Մխիթար Այրիվանեցու, վանքի Ս.Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է իշխան Գևորգ Մարզպետունին: Այն 1013 թ. նորից վերակառուցվել է Գրիգոր Մագիստրոսի կողմից: Ս. Կարապետի մատուռը կառուցվել է 1213թ.: Վանքի բոլոր շինությունները կառուցված են կարմիր և սև տուֆից:

Վանքը լուրջ վնասվել է 1679թ. Գառնիի երկրաշարժից: 1721 թ. կաթողիկոս Աստվածատուրի նախաձեռնությամբ ժամատան ավերակների վրա սկսվեց Ս.Կարապետ եկեղեցու շինարարությունը, որը սակայն անավարտ մնաց: Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և գավթի քարերը օգտագործվեցին շինարարության ընթացքում: 18-րդ դարի սկզբում վանքային համալիրի հիմնական շինությունները պարսպապատվեցին: Վանքը մեզ է հասել կիսավեր վիճակում. քանդված են եկեղեցու գմբեթը և պատի մի մասը, ինչպես նաև վանքի տարածքում գտնվող մատուռը:

Հավուց Թառ վանքի տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են յուրահատուկ խաչքարեր, որոնք աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ: Այստեղի խաչքարներից մեկը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում որպես երկրի լավագույն 10-ը խաչքարերից մեկը:

Հավուց Թառ վանքը տեղի բնակչության մեջ ավելի շատ հայտնի է որպես Ամենափրկիչ, և այդ անվանումը կապված է մի շատ գեղեցիկ առասպելի հետ: Թուրքերի հերթական արշավանքի ժամանակ վանքի վանահայրին հաջողվեց համոզել թշնամուն ներում շնորհել այն մարդկանց, որոնք ապաստան կգտնեն վանքում: Մարդիկ մեկ առ մեկ մտնում էին վանքի դարպասներով և դուրս գալիս գաղտնամուտքով: Այսպիսով վանքը փրկեց մահվան դատապարտված մարդկանց, ինչի շնորհիվ էլ ստացավ Ամենափրկիչ անվանումը:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.wikipedia.org


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ