Հառիճավանք, Հառիճ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Հառիճի Վանքային Համալիրը (Հառիճավանք) գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան հյուսիսային լանջին: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:

Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն վանքի առաջին`Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման տարեթվի մասին: Սակայն նրա ճարտարապետական և դեկորատիվ տարրերի ուսումնասիրությունն ու պատերին պահպանված արձանագրությունների վերլուծությունը ցույց տվեցին, որ եկեղեցին հիմնվել է VII դարում: XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց:

Սուրբ Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ խաչաձև կառույց է: Ապսիդները դրսից հնգանիստ են, իսկ ներսից` կիսակլոր: Հսկայական 16 նիստ ունեցող գմբեթը եկեղեցուն փառահեղ տեսք է հաղորդում: Սկզբում եկեղեցին ավանդատներ չուներ. առաջին ավանդատունը կառուցվել է X դարում, իսկ երկրորդը` XIII: 1886 թ. Սուրբ Գրիգոր եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն:

Հառիճավանքը ծաղկում ապրեց XIII դարում, երբ այն դարձավ կարևոր մշակութային օջախներից մեկը: Այստեղ է ուսուցանել նաև Ավետիք Իսահակյանը: 1201 թ. իշխաններ Զաքարե և Իվանե Զաքարյանները, գնելով Հառիճը Պահլավունիներից, կարգադրեցին վանքի տարածքում կառուցել Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ վանքը` պարսպապատել: Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է` երկհարկ ավանդատներով յուրաքանչյուր անկյունում: Եկեղեցու ներքին հարդարանքը բավականին զուսպ է: Դեկորատիվ էլեմենտներից կարելի է նշել միայն բարձրորակ քանդականախշ՝ ոճավորված տերևներից և ցողուններից, որը զարդարում է խորանի վերին մասը: Եկեղեցու արտաքին մասն ավելի հարուստ է, օգտագործված զարդանկարներից են` վարդյակները, արևային ժամացույցը, աղավնիները, ինչպես նաև եկեղեցու մանրակերտով Զաքարյան եղբայրների բարձրաքանդակը, որը, սակայն, հետագայում փոխարինվեց Աստվածամոր օնիքսակերտ սրբապատկերով: Վանքի բոլոր շինությունները կառուցված են բազմերանգ քարերով, որոնք դասավորված են խճանկարի սկզբունքով:

1224թ. իշխան Վահրամ Հեճուպի և եկեղեցու առաջնորդներ Տեր-Հովհաննեսի և Համազասպի նախաձեռնությամբ եկեղեցու արևելյան մասում կառուցվել է ավանդատունը, որը երկու եկեղեցիները միացրել է իրար: Ավանդատան առաստաղի կենտրոնական մասը զարդարված է փոքր քարերով հավաքված յուրահատուկ նախշերով, որոնք նման են շթաքարերի:

1850 թ. Հառիճավանքը դարձավ կաթողիկոսական ամառանոց: Այդ ժամանակ վանքի տարածքը զգալիորեն ընդլայնվեց, կառուցվեցին վանական խցեր, սեղանատուն, դպրոց, հանրակացարան, հյուրասենյակներ և մի շարք տնտեսական շինություններ:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ