Հակոբավանք, Քոլատակ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Հակոբավանքը, կամ Մեծառանից վանքը, գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հեռավորության վրա (պատմական Մեծ Հայկ նահանգի Մեծառանկ գավառ, որը հետագայում վերանվանվել է Ներքին Խաչեն): Պատմական աղբյուրներում չկա որևե տեղեկություն վանքի հիմնադրման ժամանակի մասին: Ամենահին արձանագրությունը, որը քանդակված էր խաչքարի պատվանդանի վրա (օգտագործվել է երկրորդվող շինարարության ժամանակ), թվագրվում է 853թ.: Համաձայն տարեգրական աղբյուրների, վանքի առանձին շինությունները, այդ թվում եկեղեցիները, կառուցվել, վերակառուցվել և ձևակերպվել են IX դ. մինչև XVIIIդ.: Մատենադարանում գտնվող հին ձեռագրերից մեկում ասված է, որ Մեծառանից եկեղեցին վերակառուցել է Հասան-Ջալալի մայրը, Իվանե և Զաքարե ամիրսպասալարների քույր, իշխանուհի Խորիշահը (XIIդ.):

Միջնադարում Հակոբավանքը Արևելյան Հայաստանի նշանավոր ուխտատեղի էր: XIII դարում վանքը, որը մինչ այդ թեմական կենտրոն էր, դարձավ կաթողիկոսանիստ:

Մեծառանից վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, երկու գավիթներից, բնակելի և տնտեսական շինություններից, շրջապատված պարսպապատով: Շինությունների մեծ մասը հաղորդակցվում են իրար հետ ընդհանուր անցումների միջոցով:

Վանքի առաջին եկեղեցին միանավ դահլիճ է: Եկեղեցու խորանը սովորականից բարձր է, քանի որ նրա տակ է գտնվում հյուսիսային պատին կից արևելյան վանական խուցը: Արևմուտքից եկեղեցուն կից է եռակամար գավիթ-սրահը: Քարի շարվածքը շատ գեղեցիկ է` կապույտ քարերից կառուցված պատերի ֆոնի վրա ներդաշնակորեն են նայվում վարդագույն քարից խաչքարերը, վիմագրական արձանագրություններով մոխրագույն և սպիտակ տապանաքարերը, ինչպես նաև արևային ժամացույցը բաց նարնջագույն քարից:

Հյուսիսից գավիթին կից է վանքի երկրորդ եկեղեցին, ուղղանկյուն դահլիճ արևելյան ապսիդով: Այն երկու մուտք ունի` մեկը հարավից, մյուսը արևմուտքից:

Երկրորդ եկեղեցու գավիթը հնագույներից մեկն է: Նմանատիպ շինություններից գավիթը տարբերվում է նրանով, որ այն կառուցված է փոքր եկեղեցուն կից և նրա հետ կապված է 2,5 մետր լայնությամբ միջանցքով: Գավիթը քառակուսի դահլիճ է, որմասյունների վրա հենվող խաչաձևվող կամարները պահում են ծածկը: Գավիթը միաժամանակ ծառայում էր որպես ազնվականների և հոգևորականների վերին խավի գերեզմանատուն: Այստեղ են թաղված կաթողիկոսներ Արիստակեսը, Սիմեոնը և Հովհաննեսը:

Վանքի փոքր ճարտարապետական ձևերը, մասնավորապես, խաչքարերը, տապանաքարերը, կամարները, քիվերը, լինելով միջնադարյան արվեստի կատարյալ նմուշներ, բարձր գեղարվեստական արժեք ունեն: Վանքային համալիրի տարածքում էին գտնվում նաև մատենադարան, անդունդի վրա կախված պատշգամբներով խուցեր, ջրամբարներ, թոնիրներ, պահեստներ, բնակելի և տնտեսական շինություններ:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.mamul.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ