Այա Սոֆիա, Ստամբուլ, Թուրքիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԹուրքիաՍուրբ Սոֆիա՝ Խոհամտություն Աստծո: Բյուզանդական կայսրության խոշոր ճարտարապետական գլուխգործոց, Բյուզանդիայի «Ոսկե Դարի» խորհրդանիշ և աշխարհի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը: Բարձրությունը 55.6 մ է, գմբեթի տրամագիծը՝ 31 մետր: Երկարությունը 75.6 մետր է, լայնությունը՝ 68.4 մ:
Տաճարը կառուցվել է 324-327թթ. Կոնստանտին I կայսեր կողմից Ավգուստեոն առևտրային տարածքում, որը գտնվում էր Կայսերական պալատի հարևանությամբ, Կոնստանդնուպոլսի կենտրոնում:
404թ-ին ժողովրդական ապստամբության ժամանակ առաջին տաճարն այրվեց, իսկ նույն վարում կանգնեցված նորակառույց եկեղեցին ապրեց ընդամենը 10 տարի և 415 թ. դարձյալ կործանվեց հրդեհից: Նույն թվականին կայսր Թեոդոսիուս II-ը հրամայեց սկսել շինարարական աշխատաքներ ու կառուցել նոր տաճար նույն վայրում, որն էլ այրվեց 532թ.-ին հայտնի «Նիկա» ապստամբության ժամանակ: Թեոդոսիուսի տաճարի ավերակները հայտնաբերվեցին 1936 թվականին, պեղումների ժամանակ, որոնք շատ մոտավոր պատկերացում տվեցին տաճարի արտաքին շքեղ տեսքի մասին. այն հնգաթև էր, շատ մեծ, իսկ ներքին հարդարանքի հիմնական բաղադրիչը մարմարն էր:
Թեոդոսիուսի տաճարն ավերած հրդեհից 40 օր հետո Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը հրամայեց նույն վայրում կառուցել գեղեցիկ համանուն մի տաճար, որը կխորհրդանշի հզոր կայսրության ուժը: Բայց քանի որ Հուստինիանոսի ծրագրած եկեղեցին պետք է լիներ շատ մեծ, նա գնեց հարակից անհրաժեշտ հողերը, վարձեց ժամանակի լավագույն ճարտարապետներին՝ Իսիդոր Միլեթացուն և Անթիմիոս Թրալացուն: Տաճարի հարդարանքի համար օգտագործվեց լավագույն մարմարը, իսկ Եփեոսից բերված ութ կանաչ մարմարե սյուները կարելի է տեսնել անգամ այսօր: Հուստինիանոսն այնքան էր կլանված տաճարի շքեղության գաղափարով, որ չէր ափսոսում ոչինչ. հարդարանքի համար նա օգտագործում էր թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ և փղոսկր: Տաճարի շինարարությունը կլանեց կայսրության գրեթե երեք տարվա եկամուտը:
Տաճարի պաշտոնական օծումը տեղի ունեցավ 537թ-ի դեկտեմբերի 27 - ին Կոստանդնուպոլսի պատրիարք Մենասի (Menas, Mina)) կողմից: Ըստ ավանդության, ոտք դնելով տաճար, Հուստինիանոսն ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ», վկայակոչելով հանրահայտ Երուսաղեմի տաճարը:
Եկեղեցական անձնակազմը Հուստինիանոսի օրոք հասնում էր 525 հոգու, իսկ Հերակլի օրոք՝ 600-ի:
Տաճարի կարիքները հոգալու համար հարկեր էին հավաքվում մի շարք առևտրային կազմակերպություններից ու արհեստավորական միություններից:
Եկեղեցին չհասցրեց երկար հիացնել իր շքեղությամբ: Շինարարության ավարտից տարիներ անց երկրաշարժից ավերվեց տաճարի արևելյան մասը: Ավելի ուշ՝ 989 թ-ին, տաճարը ենթարկվեց նոր երկրաշարժի, և այս անգամ փլուզվեց գմբեթը: Շենքն ամրացնելու նպատակով կառուցվեցին պահող սյուներ, որոնք զգալիորեն ազդեցին տաճարի արտաքին տեսքի վրա: Գմբեթը վերականգնելու համար հրավիրվեց հայ հայտնի ճարտարապետ Տրդատը, որի գլուխգործոցն է համարվում Անիի Մայր տաճարը: Մեծ հմտության շնորհիվ Տրդատը ոչ միայն հիանալի կատարեց իր աշխատանքը, այլև դարձրեց գմբեթն ավելի բարձր, գեղեցիկ ու ամուր:
Եկեղեցին չափազանց թանկ հարդարանք ուներ մինչև 1204թ-ի Խաչակրաց արշավանքի հետևանքով Կոստանդնուպոլսի թալանումը:
1453թ-ին , Կոստանդնուպոլիսը նվաճած սուլթան Մեհմեդ II Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի: Ավելացվեցին չորս մինարեթներ, որմնանկարներն ու խճանկարները ծածկվեցին ծեփամածիկով, և տաճարը կոչվեց Այա Սոֆիա: Քանի որ տաճարը կառուցված էր քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ խորանը դեպի արևելք, մահմեդականները ստիպված եղան հարմարեցնել այն իրենց պահանջներին և տեղադրեցին միհրաբը տաճարի հարավ - արեւելյան անկյունում՝ դեպի Մեքքա ուղղությամբ:
1847թ-ին տաճարը գտնվում էր փլուզման վտանգի տակ, և սուլթան Աբդուլ-Մեջիդի հանձնարարականով եղբայր ճարտարապետներ Ջուզեպպե և Գասպար Ֆոսսատիները սկսեցին վերանորոգման աշխատանքներ, որոնք տևեցին մոտ երկու տարի:
1935թ-ին Աթաթուրքը Այա Սոֆիան հռչակեց թանգարան: Որմնանկարներն ու խճանկարները վերջապես ազատություն ստացան գրեթե հինգ դար իրենց ծածկող շերտից:
Տաճարին վերադարձվեց իր նախկին շքեղ ներքին հարդարանքը, ամբողջովին խճանկարներով ծածկված պատերը՝ ինչպես սյուժետային այնպես էլ դեկորատիվ կոմպոզիցիաներով: Այժմ պատերի վրա կարելի է տեսնել Հիսուս Քրիստոսի և Սուրբ Կույսի պատկերները: Գրեթե ամբողջությամբ պահպանվել են մուտքի հատվածում հրեշտակապետ Գաբրիելի, հարավային մուտքի սրահում՝ Սուրբ Հովհաննեսի և Ալեքսանդր կայսեր խճանկարները:
Խոշոր պատմական արժեք են ներկայացնում մարմարե սալիկների վրայի ռունական (runic) արձանագրությունները:
Բազմաթիվ իսլամական տարրեր են ավելացվել եկեղեցում. մարմարե շատրվաններ, դեկորատիվ տարրեր և մեծ չորս օվալաձև վահանակներ` Ղուրանից վերցված մեջբերումներով:
2006թ- ին Սուրբ Սոֆիայում տարածք հատկացվեց տաճարի մահմեդական սպասավորների աղոթքի համար:
2007թ-ին ամերիկյան քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ կազմակերպեցին շարժում՝ տաճարին իր նախնական կարգավիճակը վերադարձնելու նպատակով: Նրանց նպատակն էր դադարեցնել անարգի ամենօրյա դրսևորումներն այս պատմական, մշակութային և ճարտարապետական գլուխգործոցի նկատմամբ, քանի որ տաճարի տարածքում՝ Մայր Եկեղեցում, վարում էին առևտրային տոնավաճառներ և ազգային համերգներ ու զվարճություններ: Միջազգային շարժման խորհրդի նախագահ Քրիս Սպիրուն պահանջեց տաճարին վերադարձնել քրիստոնեական եկեղեցու կարգավիճակը, ինչն այն ունեցել է իսկզբանե և հիշեցրեց, որ այն երբեք թանգարան չի եղել:
Եկեղեցին գտնվում է Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում: Գմբեթի 40 պատուհանները լուսավորում են այս հրաշագեղ տաճարի բազմադարյա հերոսական պատմությունն ու աննման գեղեցկությունը:
Աննկարագրելի զգացում է պարուրում մարմինն ու հոգին, երբ կանգնում ես մարմարի հատակին ու նայում վեր՝ հեռավոր բարձունքներին: Կարծես կանգնած լինես այս հրաշալի հողի վրա տեղի ունեցած իրադարձությունների էպիկենտրոնում: Պատմական դեպքերը քամու նման անցնում են կողքովդ, իսկ դու ջերմանում ես, զգալով քեզ այս եզակի գլուխդործոցի մի մասնիկ:.
Սբ. Սոֆիայի սաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am