Հաղպատի Վանք, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՀաղպատի վանքի հիմնադրումը կապում են Աբաս Բագրատունու (929-953 թթ.) թագավորության տարիների հետ, թեև վանքի ամենահին կառույցի՝ Սուրբ Նշան եկեղեցու շինարարությունը սկսվել է 976 թվականին (ավարտվել է 991 թվականին) Աշոտ Գ (Ողորմած) Բագրատունի թագավորի (953-977 թթ.) օրոք, Խոսրովանույշ թագուհու հանձնարարությամբ՝ իր որդիներ Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) արևշատության համար: Եկեղեցին համարվում է X-XI դարերի հայկական ճարտարապետության բացառիկ օրինակ՝ ոճական նոր ուղղությամբ, ինչը կիրառվել եր այդ ժամանակաշրջանի բազմաթիվ կառույցներում (ըստ ավանդության` Սուրբ Նշան եկեղեցին կառուցել է ճարտարապետ Տրդատը)։ Բացի Սուրբ Նշան եկեղեցուց, համալիրը կազմված է երեք փոքրաչափ եկեղեցիներից (Սուրբ Գրիգորի, Սուրբ Ջգրաշենի, Սուրբ Աստվածածին), Համազասպի գավթից, միջանցք-տապանատնից և դպրոցից, սեղանատնից, գրատնից, զանգակատնից, Ուքանանց տոհմի դամբարանից, Սայաթ-Նովայի հուշաքարից: Անիում Բագրատունիների թագավորության անկումից հետո, 1064 թվականին, վանքը քայքայման է գնում, ապա կրկին վերածնվում և շենանում է Բագրատունյաց թագավորների հովանու ներքո՝ հատկապես Զաքարյանների օրոք: Վերջիններիս վանքը շնորհվել էր ի վարձատրություն Վրաստանում Օրբելյան թագավորներին մատուցած ռազմական ծառայությունների դիմաց: Իվանե և Զաքարե Զաքարյանների գլխավորությամբ XII դարի վերջերում Հայաստանն ազատագրվեց սելջուկյան իշխանությունից: Զաքարյանների իշխանության շրջանում վանքը կառուցվում է՝ XIII դարի կեսերին ընդարձակվելով և գրավելով 3 անգամ մեծ տարածք: Հաղպատը դառնում է Հայաստանի խոշորագույն հոգևոր և կրթական կենտրոններից մեկը: Վանքն անկում ապրեց Լենկթեմուրի արշավանքների (XIV դար) և ապա Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմների շրջանում (XV- XVII դդ.): 1639 թվականին դաշնագրով Արևելյան Հայաստանը մնաց Իրանին: Հաստատված խաղաղությունը նպաստավոր եղավ նաև վանքի համար: Այն վերականգնվեց, և կրկին ստանձնեց կարևոր հոգևոր և ձեռագրության կենտրոնի իր դերը: XVIII-րդ դարում երկար տարիներ որպես կրոնավոր վանքում ապրել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան (1722-1795թթ.): Նա զոհվել է 1795 թվականին՝ լինելով Հաղպատի վանքի պաշտպանների շարքում: Հաղպատի Վանքը 1996 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: