Հեբիթաթ 67, Մոնրեալ, Կանադա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԿանադաԱռաջին հայացքից Հեբիթաթ 67-ը հիշեցնում է Բաբելոնյան խառնաշփոթություն: Այս բնակելի համալիրը կառուցվել է 1967թ.-ին ԷՔՍՊՕ-67-ի շրջանակներում Սուրբ Լորենս գետի ափին, Մոնրեալում: Այն ճարտարապետ Մոշե Սեդիի ստեղծագործությունն է հիմնված Մակգիլլ համալսարանի իր մագիստրոսական թեզի վրա: Միգուցե իր վաղ մանկությունում նա շատ է սիրել լեգո խաղալ, և իր նվիրական երազանքն իրականացրել է այս անսովոր ոճով շենքը կառուցելիս: Թող խորանարդը խորհրդանիշ հանդիսանա կայունության, իմաստության, ճշմարտության, բարոյական կատարելության, իսկ մենք կշարունակենք զարմանալ մարդկային մտքի թռիչքի վրա: Խորանարդը Հեբիթաթ 67-ի ձևային հիմքն է հանդիսանում: Այս մոխրագույն շենքը բաղկացած է 158 բնակարաններից, որոնք ունեն մեկից մինչև չորս ննջասենյակ: Շենքն ունի, մեծ թվով փոքրիկ այգիներ և բաց պատշգամբներ: 354 հավաքովի խորանարդանման էլէմենտներ մեկմեկու միացված են ստեղծելով եռաչափ կոնցեպցիայով մի անսովոր համալիր: Շենքի ելուստներն ու խորություններն այնպես են նախագծված, որ յուրաքանչյուր բնակարանի պատշգամբը անմիջապես իր ներքևի բնակարանի տանիքի վրա է հայտնվում: Հեբիթաթը իր ֆուտուրիստիկ դիզայնով հանդերձ նման է հնադարյան բնակելի համալիրի, սակայն այստեղ կիրառվել են ժամանակակից նախագծային և շինարարական մեթոդներ: Այն բրուտալիզմ ոճի նմուշ է հանդիսանում: Այս զվարճալի բնակելի շինությունը մինչ այսօր հազարավոր զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է գտնվում և դեռ երկար տարիներ կվայելի արևի ջերմությունն ու ժողովրդի բերկրանքը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am