Գտչավանք , Տող
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԳտչավանքը (Գտիչի վանքը) գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում (պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառ), Տողասար լեռան լանջին: Պատմական արձանագրություններում այն հիշատակվում է վաղ միջնադարից: Մասնավորապես Մովսես Կաղանկատվացու պատմական արձանագրություններում ասվում է, որ Գտչավանքի ներկայացուցիչը մասնակցել է Պարտավի ժողովին (XIII դարի սկիզբ):
Գտչավանքը սկսեց բարգավաճել XIII դարի կեսերից, երբ երկու եղբայր՝ Ամարաս վանքի եպիսկոպոսներ Տեր-Սարգիսը և Տեր-Վրթանեսը, վերակառուցեցին արաբական ներխուժումից տուժած վանքը (1241-1248թթ.): Դիզակի մելիք Եգանի օրոք (XVIII դար) վանքի տարածքը ընդլայնվեց, և Գտչավանքը դարձավ Հայաստանի ամենախոշոր վանքային համալիրներից մեկը:
Գտչավանքը միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակ է: Արցախյան ճարտարապետներին հաջողվեց ներդաշնակ զուգորդել հայկական ճարտարապետական դպրոցների նվաճումները և տեղական ավանդույթները: Վանքային համալիրը կազմված է երկու եկեղեցուց և գավթից: Գլխավոր եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, իսկ ներքուստ` գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Այն կառուցված է սրբատաշ ֆելզիտից: Ապսիդի երկու կողմում գտվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցու զարդարանքը բավականին համեստ է, զուրկ ավելորդ դեկորատիվ բարձրաքանդակներից:
Եկեղեցուն կից է թաղածածք գավիթը, որը եկեղեցուց ավելի վաղ է կառուցվել: Այն նաև օգտագործվել է որպես դամբարան, ինչի մասին վկայում են հատակը ծածկող տապանաքարերը: Գավիթն իրար է միացնում վանքի երկու եկեղեցիները: Երկրորդ եկեղեցին` միանավ դահլիճի հորինվածքով, կառուցված է կոպտատաշ բազալտից: Այդ եկեղեցին քանդվել է 1868 թ. երկրաշարժի ժամանակ: Պատերի մեջ տեղադրված խաչքարերը (ամենահինը` IX դար, ամենանորը` XIX դար) բարձր գեղարվեստական արժեք են ներկայացնում: Վանքի արևմտյան մասում պահպանվել են բնակելի սենյակների և պաշտպանական պատերի փլատակները: 2007 թ. վանքում սկսվել են վերականգնողական աշխատանքները, որոնք, սակայն, շուտով դադարեցվել են:
Սկսած XV դարից Գտչավանքը մեծ դեր էր խաղում Դիզակի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի հոգևոր, գիտական և մշակութային կյանքում: Դարերի ընթացքում այստեղ ստեղծվել և պահվել էր ձեռագրերի եզակի հավաքածու, որի մեծ մասը պահպանվել է մինչև մեր օրերը:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am