Սամարայի Մեծ Մզկիթը, Սամարա, Իրաք

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իրաք

Իրաքի տարածքում ամենատպավորիչ կառույցներից մեկը Սամարայի Մեծ մզկիթն է (Masjid-e Samarra al-Qabir), որը գտնվում է Տիգրիսի հովտում՝ Բաղդադից 132 կիլոմետր հեռավորության վրա, Սամարա քաղաքում` Արաբական խալիֆայության երբեմնի կենտրոնում։ Դժբախտաբար, անցյալում աշխարհով մեկ հայտնի այս մզկիթից միայն մինարեթը և արտաքին պատերն են պահպանվել մինչև մեր օրերը։

Մզկիթը կառուցվել է 849-52 թվականներին Աբբասյան խալիֆ ալ-Մութավաքքիլի հրամանով։ Տևական ժամանակ այս մզկիթը ամենամեծն էր ողջ մահմեդական աշխարհում։ Նրա անսովոր մինարեթը կրում է Մալվիա անունը։ Այն կառուցված է թրծված աղյուսից և ունի կոնի տեսք, որի լայնությունը հիմքի մոտ 33 մետր է, իսկ բարձրությունը՝ 52 մետր։ Մինարեթը պարուրված է հսկա պարուրաձև աստիճանով, որը փոքրանալով ոլորվում է և վերջում վերածվում է փոքրիկ աշտարակի։ Աշտարակը ներսում ունի փոքր սենյակ, իսկ դրսից զարդարված է ութ կամարներով։ Հենց իր պտուտակաձև տեսքի համար էլ Սամարայի Մեծ մզկիթի մինարեթը ստացել է Մալվիա անվանումը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է խխունջի պատյան։

Մինարեթը տեսանելի է հեռվից՝ այն այսօր էլ զգալիորեն բարձր է մզկիթը շրջապատող քաղաքի համայնապատկերից։ Մալվիան օգտագործում էին աղոթողներին մզկիթ կանչելու նպատակով։ Մալվիայի կառույցների համար կիրառվել են արաբական ճարտարապետության այն ժամանակաշրջանի նորագույն տեխնոլոգիաները։

2005 մինարեթի վերին մասը վնասվել է իրաքյան զինվորականների հարձակումների պատճառով։ Համաձայն որոշ աղբյուրների, այդ հարձակումը կազմակերպվել էր մինարեթի վրա տեղակայված ամերիկյան դիտակետը ոչնչացնելու նպատակով։ Այլ աղբյուրները վկայում են, որ այդ հարձակումը սուննիների և շիաների միջև հակասությունների հետևանքն էր։ Բարեբախտաբար, 2005 թվականի հանելուկային հարձակումը ուժեղ չի վնասել այս հին, բայց ամուր կառույցը։

Մալվիա մինարեթը համարվում է մահմեդականության կարևորագույն սրբություններից մեկը, ինչի պատճառով նրա մանրակերտը, մահմեդական ճարտարապետության ամենաարժեքավոր հուշարձանների մանրակերտների շարքում, տեղադրված է Մալայզիայում՝ Թաման Թամադուն Իսլամ (Taman Tamadun Islam) զբոսայգում։ Մալվիա մինարեթը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ