Ոսկե Դարպասներ, Կիև, Ուկրաինա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՈւկրաինաՈսկե Դարպասները Կիևի հնագույն հուշարձաններից մեկն է: Այն հանդիսանում է դարաշրջանին բնորոշ պաշտպանական ճարտարապետության եզակի նմուշ և առաջին սլավոնական պետության՝ Կիևյան Ռուսիայի, կազմավորման ժամանակաշրջանի հուշարձան:
Ոսկե Դարպասները կառուցել է իշխան Յարոսլավ Իմաստունի (Ярослав Мудрый) օրոք 1164թ-ին:. Դարպասներն իրենց անունը ստացել են Կոստանդնուպոլսի Ոսկե Դարպասներից ի նշան հզոր Բյուզանդական կայսրության դեմ ուժի ու դիմակայության: Սկզբում այն հայտնի էր որպես Հարավային Դարպաս, քաղաքի պաշտպանական կառույցների մի մասն էր կազմում և գրեթե չէր տարբերվում մյուս պաշտպանական դարպասներից: Շուտով, հասկանալով այս դարպասների նշանակությունը, դարպասը սկսեցին կոչել «Մեծ» և իշխան Յարոսլավ Իմաստունի հրամանով դարպասի վրա կառուցվեց Բլագովեշենիե (Ավետիս) եկեղեցին (церковь Благовещeния) ռուսաց աշխարհում իշխող կրոնի՝ քրիստոնեության, մեծարման նպատակով: Այդ ժամանակվանից էլ եկեղեցին հայտնի դարձավ որպես Ոսկե Դարպասներ:
Դարպասի լայնությունը 7,5 մ. է, միջանցքի բարձրությունը՝ 12 մ, երկարությունը՝ մոտ 25 մ, պատերի բարձրությունը հասնում է մինչև 9.5 մետր:
Դարեր շարունակ թշնամիների զորքերը փորձել են ջախջախել դարպասն ու քաղաք մտնել, սակայն հարավային դարպասը շարունակում էր անառիկ մնալ:
Ըստ ավանդության Լեհաստանի թագավորը Բոլեսլավ II-ը բթացրեց իր թուրը Ոսկե Դարպասներին հարվածելիս և նրա այդ թուրը պահվում էր Կրակովյան թանգարանում: Բայց սա հակասում է Ոսկե Դարպասների կառուցման տարեթվի և Բոլեսլավի թրի տարիքի ստույգ տվյալներին:
Հինգ դար Ոսկե Դարպասները հսկում էին Կիևի խաղաղությունը, սակայն տասնյոթերորդ դարից սկսած այս հիանալի կոթողը սկսեց վերածվել գեղատեսիլ ավերակների, որ հիշատակում էր բազմաթիվ թշնամիների հարձակումների և դարեր ապրած փառքի ու հզորության մասին: Այդ ժամանակ դեռ կարելի էր տեսնել Բլագովեշենիե եկեղեցու մնացորդները: Հենց այսպես էլ պատկերել է Ոսկե Դարպասներները 1651թ-ին հոլանդական հայտնի նկարիչ Ա. Վեստերֆելդը: Եվս մեկ դար անց ավերակները ծածկեցին հողի շերտով՝ սերունդների համար այն պահպանելու հույսով: Այսպիսով սկսեց անցնել մոռացության գիրկը հիանալի պատմական քաղաքի առաջին հուշարձաններից մեկը: Միայն երկու դար անց ճարտարապետ Լոխվիցկու նախաձեռնած պեղումների ժամանակ հայտնաբերվեցին դարպասի մասերը: Ճարտարապետներ Բ. Բերետտիի և Ֆ. Մեխովիչի համատեղ աշխատանքներով ամրացվեցին կառույցի գտածոները:
Ավելի ուշ առաջ քաշվեցին մի քանի վերակառուցման ծրագրերը, սակայն ի վերջո վերանորոգումը իրականացվեց 1982թ-ին, Կիևի 1500-ամյակին նվիրված տոնակատարությունների առիթով: Վերակառուցումն իրենց վրա ստանձնեցին տարբեր ոլորտների լավագույն մասնագետները , որոնք մանրակրկիտ ուսումնասիրում էին բազմադարյա կոթողի յուրաքանչյուր տարր ու փորձում հնարավորինս լավ արտահայտել ու փոխանցել շինության սկզբնական գեղեցկությունն ու շքեղությունը: Քանի որ աշխատանքներն իրականացվում էին շատ շտապ, նախագիծն անթերի չստացվեց, բացի այդ շինարարական նյութերը անորակ էին և կառույցն աստիճանաբար սկսվեց քանդվել ու կորցրեց իր սկզբնական հմայքը:
2007թ.-ին ձեռնարկվեցին նոր վերականգնողական աշխատանքներ, որոնց ընթացքում դարպասներին ավելացան դեռևս Յարոսլավ Իմաստունի ժամանակներից պահպանված էլեմենտներ ու թարմացվեց դարպասի ամբողջ ընդհանուր տեսքը:
Այժմ Ոսկե Դարպասներում գործում է թանգարան, որտեղ կարելի է ծանոթանալ այս հնագույն և բացառիկ հուշարձանի ճարտարապետությանն ու պատմությանը:
Հոդվածը Լիլիթ Վանեսյանի , www.building.am