Գլաձորի Վանք, Վայոց Ձորի Մարզ, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԳլաձորի (Թանադե, Թանահատ) վանքը գտնվում է Վայոց Ձորի (պատմական Սյունիք նահանգի) Վերնաշեն գյուղից 7 կմ. հեռավորության վրա: Պատմական տարեգրություններում այն առաջին անգամ հիշատակվում է 795թ-ին: Ըստ պատմաբան և արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի` հենց այդ թվականին Ստեփանոս Սյունեցու գերեզմանի վրա կառուցվել է մի փոքր մատուռ: 1273-1279թթ. Պռոշյան իշխանների նախաձեռնությամբ այդ մատուռի վայրում կառուցվել է Թանադե վանքի գլխավոր` Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այդ ազնվական տոհմի զինանշանը (արծիվ, որն իր ճանկերում սեղմել է գառնուկին) քանդակված է հարավային պատին: Այստեղ նաև կարելի է տեսնել հնագույն արձանագրություններ, տարբեր կենդանիներ պատկերող հարթաքանդակներ, ինչպես նաև արևային ժամացույց, որի գլխամասում պատկերված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ: Ներքուստ խաչաձև Սուրբ Ստեփանոս եկեղեցու 4 անկյուններում ավանդատներ կան, որոնցից երկուսը (արևելյան մասում) երկհարկանի են:
Սուրբ Ստեփանոս եկեղեցուց հյուսիս գտնվում է համալիրի երկրորդ` Սուրբ Նշան եկեղեցին, որը նույնպես կառուցվել է XIII դարի երկրորդ կեսին: Եկեղեցու մուտքը զարդարված է որսի տեսարան պատկերող հարթաքանդակով: Վանքի տարածքում կան XIII-XIV դարերի խաչքարեր և տապանաքարեր: Հավանաբար, այստեղ գտնվում էր միջնադարյան գերեզման:
Թանադե վանքը վերելք ապրեց XIII դարի վերջում և XIV դարի սկզբում: Համաձայն վարկածներից մեկի, հենց Թանադե վանքի տարածքում էր գտնվում միջնադարյան Հայաստանի ամենախոշոր համալսարաններից մեկը` Գլաձորը (Ներսես Մշեցի, 1291թ.): Համալսարանի շրջանավարտներն իրավունք ունեին զբաղվել հոգևոր, գիտնական և մանկավարժական գործունեությամբ: Համալսարանին կից գործում էր նաև գեղանկարչության դպրոց, որտեղ աշխատում էին միջնադարյան հայտնի մանրանկարիչներ Մոմիկը և Թորոս Տարոնացին:
1970թ. պեղումների ժամանակ վանքի տարածքում հայտնաբերվել են միանավ եկեղեցու և մի շարք աշխարհիկ շինությունների ավերակներ: 1984թ. Գլաձորի վանքում վերականգնողական աշխատանքներ էին տարվում:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am