Ջենզայմ Կենտրոն, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԲիոտեխնոլոգիական ընկերությունների համաշխարհային ցանցը` Ջենզայմ կորպորացիան (Genzyme Corporation), ավելի քան 10,000 աշխատող ունի 80 երկրում: Ընկերության գլխավոր գրասենյակը կառուցելու որոշումը կայացվել է 2000 թվականին: 900 աշխատողի համար նախատեսված նոր, տասներկու հարկանի գրասենյակային շենքի հատակների ընդհանուր մակերեսը կազմում է 32,000 քառակուսի մետր: Այն կառուցվել է «Բենիշ ընդ Փարթնըր» (Behnisch and Partner) ընկերության նախագծով և համարվում է ընկերության կայունությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող սկզբունքների մարմնավորում: Շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թվականի հունիսին և ավարտվել են 2003 թվականի նոյեմբերին: Թույլ հոսքով աշխատող ծորակները, ջրի սենսորներն ու առանց ջրի օգտագործման միզարաններն օգնում են կրճատել ջրի սպառումը 32%-ով: Բացի այդ, շինության կանաչ տանիքը հավաքում և զտում է անձրևաջրերը: Մեծ ատրիումը շենքի աշխատողներին ապահովում է հարմարավետ և առողջ աշխատանքային միջավայրով և թարմ օդով: Ինքնին ատրիումը բաղկացած է բաց երանգներով ներկված պատերից և մի շարք անդրադարձնող պանելներից: Բնական լույսը հեշտությամբ ներթափանցում է ապակեպատ շենք` բացվող պատուհանների, ավելի քան յոթ հարյուր պրիզմային ափսեների և հատուկ պատրաստված շարժական հելիոստատների կամ հայելիների միջոցով, որոնք առավելագույնի են հասցնում արևի լույսը, անդրադարձնում են այն և սփռում ամբողջ շենքում: Օդի որակը գտնվում է մշտական հսկողության ներքո: Շենքում կան հատուկ պահեստներ քիմիական նյութերի համար, որոնք զինված են օդափոխության յուրահատուկ համակարգերով, որոնց օգնությամբ վնասակար գոլորշիներն անվտանգ առանձնացվում և հեռացվում են տարածքից: Շենքն իր էլեկտրաէներգիան ստանում է վերականգնվող աղբյուրներից: Ջենզայմ կորպորացիայի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Չարլզ գետի մոտ, LEED Պլատինե հավաստագրման արժանացած ամենախոշոր կոմերցիոն շենքն է ԱՄՆ-ում:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.behnisch.com