Գալլեի Ամրոց, Շրի Լանկա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շրի ԼանկաԳալլեի ամրոցը զարմանահրաշ մի վայր է, որտեղ հեշտությամբ մոռանում ես, թե որ դարն է հիմա: Փոքրիկ արևադարձային Եվրոպա: Այստեղ թվում է, թե Հարավային Իտալիայի կամ Կորսիկայի փոքրիկ քաղաքներից մեկում ես. Պարզապես այստեղ մթնոլորտը համեմված է Հնդկական օվկիանոսի ալիքների բույրով, արմավենիներով ու հասարակածային մայրամուտով: Դեմ-դիմաց կանգնած երկհարկանի շենքեր, փողոցի ողջ երկայնքով կայանված մոտոհեծանիվներ: Սակայն թանկարժեք մեքենաներն էլ այստեղ քիչ չեն հանդիպում: Բոլոր տները կառուցվել են տարբեր ժամանակներում այստեղ հաստատված գաղութարարների կողմից: Այժմ այդ հին շենքերի առաջին հարկերում տեղակայված են գրասենյակներ ու հուշանվերների խանութներ: Երկրորդ հարկերում էլ բնակություն են հաստատել տեղացիները: Շատ շենքեր վերակառուցվել են որպես հյուրանոցներ, որտեղ հանգրվանում են նախկին գաղութարարների սերունդները, որոնք գալիս են այցելելու իրենց նախնիների երբեմնի հարստության մնացորդները:
Գալլե քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 125-150 թթ. որպես նավահանգիստ, որն առևտրով էր զբաղվում Հունաստանի, Չինաստանի, արաբական երկրների հետ: 1505թ. նավահանգստում հայտնվեցին պորտուգալացիների նավերը Լոուրենսո դի Ալմեյդայի գլխավորությամբ: Այստեղ էլ սկսվեց Գալլեի ամրոցի պատմությունը. Պորտուգալացիներն այն օգտագործում էին որպես բանտ տեղացի ապստամբներին կալանավորելու համար: Այդ ժամանակ, սակայն, ամրոցն այն տեսքը չուներ, ինչ այսօր: Այն կառուցված էր արմավենու փայտից ու կավից և կոչվում էր Սանտա Կրուս: Ավելի ուշ կառուցվեցին 3 բաստիոններ և աշտարակ:
1640թ. հոլանդացիները գրավեցին ամրոցը և սկսեցին վերակառուցել այն. քանի որ պորտուգալացիները համոզված էին, որ օվկիանոսի կողմից ամրոցը շատ լավ պաշտպանված է, նրանք պատ չէին կառուցել այդ մասում: Բայց հոլանդացիները 52 հա ավել ողջ տարածքը պարսպապատեցին` անվտանգությունն ապահովելու համար: Նրանց օրոք ամրոցի տարածքում կառուցվեցին մի շարք արհեստանոցներ` դարբնոցներ, պարան պատրաստելու արհեստանոցներ և այլն: Նրանք նաև կառուցեցին բավականին զարգացած կոյուղու համակարգ: Այդ ժամանակ էլ կառուցվեց 14 բաստիոններ կորալից և գրանիտից, որոնք անվանվեցին Արև, Լուսին, Աստղ, Ավրորա և այլն: Ամրոցն ունի 2 մուտք. Դարպասներից մեկի վրա պատկերված է հոլանդական գերբը, որի կենտրոնում փորագրված է VOC (Verenigde Oostindindische Compagnie-ից` Հոլանդական Օստ-Հնդկական ընկերություն): Մյուս դարպասի վրա կարելի է տեսնել բրիտանական գերբը նույն VOC փորագրումով:
Բրիատանացիները գրավեցին ամրոցը 1796թ: Նրանց օրոք այստեղ կառուցվեցին մեծ քանակությամբ բնակելի տներ, Լուսին և Արև բաստիոնների միջև դարպաս, փարոս: Սակայն բրիտանացիները գերադասեցին հաստատվել Կոլոմբոյում, ինչի հետևանքով Գալլեի զարգացումն այդտեղ կանգ առավ:
Չնայած բոլոր փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել ամրոցում 16-19դդ.` այն պահպանել է իր հիմնական տեսքը ու մինչ օրս մնում է եվրոպացիների կողմից կառուցված խոշորագույն ամրոցն Ասիայում:
Քաղաքի հարուստ պատմությունն իր հետքն է թողել: Տեղական ավանդույթների ու եվրոպական ազդեցությունը, բուդդիստական տաճարներն ու կաթոլիկ եկեղեցիները դարձնում են այս տեղը խորհրդավոր ու գրավիչ: Դժվար է ազատվել տպավորությունից, որ անկյունում քեզ սպասում է միջնադարից մնացած մի գաղտնիք, որը դու կարող ես բացահայտել:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Լուսանկարները՝ Նարեկ Բախտամյանի