Գալաթայի Աշտարակ, Ստամբուլ, Թուրքիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Թուրքիա

Գալաթա աշտարակը վեհորեն դարերի խորքից վեր է խոյանում նույնանուն բլրի վրա և իր սևեռուն հայացքով պաշտպանում է Ստամբուլի խաղաղությունը: Մի քաղաքի, որն իր մեջ զարմանալիորեն ներդաշնակ համադրում է նորակառույց շինությունների ու հին պատմական կոթողների գեղեցկությունը: Աշտարակի բարձրությունը 66,9 մետր է, արտաքին տրամագիծը ՝ 16.45 մետր, իսկ ներքինը՝ 9մ, կանգնած է ծովի մակերևույթից 35 մետր բարձրության վրա: Գալաթայի աշտարակը Ստամբուլի խորհրդանիշներից ու ամենատպավորիչ շենքերից մեկն է: Այն տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր անկյուններից:

Աշտարակի պատմության ակունքները գալիս են դեռևս V դարից. նույն բլրի վրա վեր էր խոյանում մի աշտարակ, որը նախահայրն էր այժմյան Գալաթայի: Այժմյան աշտարակը, որը վերագրում են 1348-1349թթ, կառուցվել է գենուեզների կոզմից, որոնք, գրավելով մի շարք բյուզանդական տարածքներ, կառուցել էին աշտարակ՝ պաշտպանական պարիսպով, որն էլ շրջապատում էր գենուեզական Գալաթա գաղութը: Աշտարակը կոչվում էր «Հիսուսի աշտարակ»:

1453թ-ին պատմության գիրկն անցավ երբեմնի հզոր Բյուզանդական կայսրությունը, ինչն էլ մեծ փոփոխությունների պատճառ դարձավ բոլոր հարակից երկրների ճակատագրի վրա: Գալաթայի շրջանում, ինչպես և ամբողջ Ստամբուլում, կտրուկ աճ ապրեց օսմանական բնակչության թիվը, որին իշխում էր սուլթան Ֆաթիհ Մեհմեդը:

1509թ-ի երկրաշարժը խիստ վնասներ պատճառեց Գալաթա աշտարակին: Աշտարակի վերակառուցման աշխատանքները հանձնարարվեցին ճարտարապետ Մուրադ բին Հայրեթինին, ով տվեց աշտարակին ներկայիս տեսքն ու անունը: Առաջին անգամ աշտարակի վերին հատվածում տեղադրվեց կոնաձև գմբեթանման վերջավորություն:

Լի զանազան իրադարձություններով իր կյանքի ընթացքում աշտարակը ծառայել է տարբեր նպատակների: Ժամանակին այն օգտագործվել է որպես բանտ, ապա նավատորմի պահեստավայր ու անգամ աստղադիտարան: Հետագա տասնամյակներում Գալաթա աշտարակը դարձավ դիտորդական կետ հրդեհային իրավիճակները զգուշացնելու համար: Աշտարակի վերին հարկում գտնվում էր թմբկահարների մի խումբ, ովքեր քաղաքի ցանկացած մասում կրակ տեսնելուն պես սկսում էին հարվածել իրենց հատուկ մեծ թմբուկները:

Սելիմ Երկրորդ սուլթանի օրոք աշտարակն ինքն է ուժեղ հրդեհ ապրում: Հիանալի պատմական հուշարձանը պատվում է մրի հաստ շերտով: Սուլթանն անմիջապես հրամայեց վերականգնել աշտարակը, սակայն որոշ ժամանակ անց կրկին հրդեհ բռնկվեց և աշտարակն ավելի անմխիթար վիճակում հայտնվեց: Մահմուդ Երկրորդի օրոք աշտարակը նորոգվեց: 1964 թ-ին Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ Գալաթայում սկսեցին մեծ վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում աշտարակը վերագտավ և ստացավ իր հին կերպարը՝ նոր ու թարմ գույներով ու կոնաձև աշտարակով: Նույն ժամանակ, աշտարակի բարձունքից Բոսֆորի մեղմ քամին զգալ ցանկացողներն այլընտրանք ունեցան 143, դեպի վեր տանող, աստիճաններին՝ աշտարակում կառուցվեց վերելակ:

Աշտարակի տասնչորս խոշոր կամարաձև պատուհաններից հիանալի տեսարան է բացվում. սա հրաշալի վայր է վայելելու քաղաքի աննկարագրելի գեղեցկությունը, ընկղմվելու դարերի խորության մեջ ու զգալու Կոստանդնուպոլսի շունչը կամ պարզապես սեփական մտքերի հետ մեկուսանալու համար՝ շրջապատված գունագեղ և միշտ ջերմացնող ու ոգեշնչող տեսարաններով:

Աշտարակի վերևի հարկում մի գողտրիկ սրճարան է գործում, գեղեցիկ տեսարանով դեպի քաղաքի բոլոր անկյունները և նեղուցը: Այստեղ կարելի է համտեսել անուշաբույր թուրքական սուրճ՝ պատրաստված ածուխի վրա, մինարեթներից եկող ազանին խառնվող քրիստոնեական եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո:

Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ