Ջի Կետ (G Կետ) Թանգարան, Մոսկվա, Ռուսաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ռուսաստան

Ինչպես պնդում է հայտնի ասացվածքը, Սովետական Միությունում սեքս չկար, հետևաբար մարդու կյանքի այդ ոլորտը քննարկման առարկա էլ չէր դառնում: Այսօր Ռուսաստանի քաղաքացիների բախտն այս առումով շատ ավելի է բերել: Ըստ Ռուսաստանի առաջին սեքսի և էրոտիկայի թանգարանի հիմնադիր Ալեքսանդր Դոնսկոյի՝ ՌԴ քաղաքացիների ազատությունն ամրապնդելու նպատակով է նա ձեռնարկել իր «G կետ» («Տոչկա G» - Точка G) անունը կրող թանգարանը:

Թանգարանը, որի բացումը տեղի ունեցավ 2011 թվականի հունիսին, գտնվում է Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկի՝ Նոր Արբատի վրա, որը զբոսաշրջիկների սիրված փողոցներից է Ռուսաստանի մայրաքաղաքում: Արտաքինից թանգարանի տեսքը առանձնահատուկ ուշագրավ չէ. այն ավելի շուտ հիշեցնում է մոսկովյան գիշերային ակումբի մուտք: «G կետը» բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝՝ սեքսի և էրոտիկայի թանգարանից ու սեքսշոփից (խանութ), որն ըստ թանգարանի ձեռնարկողների ամենամեծն է Ռուսաստանում:

Թանգարանում ցուցադրվում են ավելի քան 3000 նմուշներ, որոնց մեջ առանձնահատուկ ուշադրություն են գրավում մուտքի մոտ տեղադրված երկու հսկայական առնանդամները, որոնցից մեկը սպիտակ և կապույտ է՝ նախշազարդված ռուսական ավանադական «գժել» կերամիկայի ոճով, իսկ մյուսը ավելի բնական է՝ մարմնագույն:

Ցուցադրվող նկարներից ամենահայտնին, թերևս, ժամանակակից ռուս նկարչուհի Վերա Դոնսկայա-Խիլկոյի «Ռեստլինգ» («Ըմբշամարտ») նկարն է, որը պատկերում է պայքարը Բարակ Օբամայի և Վլադիմիր Պուտինի միջև: Երկու նախագահների հիմնական զենքը նրանց հսկայական առնանդամներն են, ընդ որում Պուտինը ունի միաժամանակ երկու արական սեռական օրգան, իսկ Օբամայի սեռական օրգանը հենվում է դոլարների հսկայական կապոցի վրա: Նկարի վրա պատկերած են բազմաթիվ խորհրդանիշեր, որոնք մատնանշում են երկու երկրների անկախությունն ու ինքնուրույնությունը: Այսպես, օրինակ, Օբաման պատկերված է Ազատության արձանի «պատկերով», իսկ Պուտինը իր գլխին կրում է արջի մորթի: ՌԴ նախագահի ոտքերի տակ դրված է բենզինի տարա՝ որպես երկրի կարևորագուն բնական ռեսուրսի խորհրդանիշ:

Թանգարանն իր մեջ ներառում է նաև օրգիաներ պատկերող բազմաթիվ կտավներ, տարբեր կենդանիների միջև սեռական ակտ պատկերող արձանիկներ և այլն: Ուշագրավը նա է, որ թանգարանի հիմնադիրը «G կետը» նկարագրելիս նշում է, որ այն ոչ թե սեքսի մասին է, այլ ազատության: Ըստ նրա՝ «G կետը» ըմբոստության ակտ է երկրի կրոնական և քաղաքական ղեկավարության ճնշումների և ավտորիտար ռեժիմի դեմ:

Ալեքսանդր Վիկտորի Դոնսկոյ (ծնվ. 1970 թվ) - Արխանգելսկ քաղաքի նախկին քաղաքապետ: Ձերբակալվել է, իսկ հետագայում ազատ արձակվել դատարանի դահլիճից (2008 թ-ին դատապարտվել է 3 տարի պայմանական ազատագրման): Ոմանց պնդմամբ, քրեական հետապնդության է ենթարկվել մարզի նահանգապետ Կիսելյովի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելու պատճառով:

Հոդվածը Աննա Փամբուկչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ