Ֆուտուրոսկոպ, Պուատյե, Ֆրանսիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆրանսիա Ֆրանսիական ժամանցային համալիրը՝ Ֆուտուրոսկոպը ( Ֆր. Parc du Futuroscope ), գտնվում է Փարիզից 330 կմ հեռավորության վրա, Պուատյե քաղաքից մոտ 10 կմ հյուսիս: Շինարարությունը սկսվել է 1984 թ.-ին ճարտարապետ Դենիս Լամինգի նախագծով: Ապակու, պողպատի և լույսի համադրությունը համարվում է այս աբստրակտ ճարտարապետության առանձնահատկությունը: Ահռելի տաղավարներն ամենատարբեր ձևերի մեջ են՝ թե՛ ջրի հսկա կաթիլի, թե՛ ժայռի ու բյուրեղի կտորի, և թե՛ հսկայական խողովակների: Ֆուտուրոսկոպը նվիրվում է վիզուալ տեխնոլոգիաներին, այդ թվում՝ դինամիկ, եռաչափ, գիտահանրամատչելի, արկածային և պարզապես հետաքրքիր ֆիլմերին:
Վերջին նորարար տեխնոլոգիաները ցուցադրվում են հետևյալ սրահներում՝ Կինեմաքս, Օմնիմաքս, Իմաքս 3D (Imax 3D), Սոլիդո, Կախարդական գորգ, Դինամիկ ֆիլմ... Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը՝ կամ դուք հայտնվում եք գնդաձև էկրանի կենտրոնում, կամ ֆիլմը թույլ է տալիս հայտնվել գործողությունների կենտրոնում:
Ապակյա բուրգի վրայի սպիտակ գունդը՝ Սոլիդոն (կինոթատրոն կիսագնդաձև էկրանով), Ֆուտուրոսկոպի խորհրդանիշն է հանդիսանում:
Հսկայական կադրեր հսկայական էկրաններին. ահա Ֆուտուրոսկոպի յուրահատկությունը: Այն իսկական դրախտ է՝ իր ողջ ատրակցիոններով հանդերձ:
Իմիջիայլոց, Ֆուտուրոսկոպը նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում նաև գիտական և ուսումնական կենտրոն է հանդիսանում, իսկ համալիրի Կոնգրեսների Պալատը նախատեսված է գործնական հանդիպումների և ցանկացած հեռուստակամուրջների համար:
Այս ժամանցային վայրն ապահովված է նաև ճաշարանների և ռեստորանների ցանցով: Այն մոտ 42 մլն. այցելու է ունեցել բացման օրվանից՝ 1987-ից մինչ այսօր:
Այստեղ իրականը կախարդական կերպով վերածվում է վիրտուալ, թվացյալ աշխարհի, իսկ բնությունն ու ճարտարապետությունը միաձուլվում են՝ ստեղծելով մի անկրկնելի հիասքանչ տարածություն:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am