Լողացող Ձու, Պեկին, Չինաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Այս ահռելի լողացող ձուն ոչ այլ ինչ է, քան Չինաստանի Կատարողական Արվեստի Ազգային Կենտրոնը կամ Ազգային Մեծ Օպերային Թատրոնը: Այն գտնվում է Պեկինի հենց սրտում՝ Թյանանմեն հրապարակի և Ազգային Ժողովի պալատի հարևանությամբ: Այս կախարդական նախագծի հեղինակն է ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Պոլ Անդրյոն: Հսկայական ձվի շինարարությունը մեկնարկեց 2001-ին և ավարտին հասցվեց 2007-ի դեկտեմբերին: Այն իրենից ներկայացնում է էլիպսաձև գմբեթ՝ պատած ապակիով և տիտանե թիթեղներով և տեղակայված է արհեստական լճի կենտրոնում: Գմբեթի ընդհանուր մակերեսը 49 500 քռ.մ է, իսկ չափսերն են 212մ x 144մ x 46 մ (բարձրությունը): Շենքը կարծես թե ջրի վրա լողացող ձու լինի: Պոլ Անդրյոն գնահատելով ավանդական չինական ճարտարապետությունը, նախագծում լայնորեն կիրառել է արդի ճարտարապետության ֆուտուրիստական դիզայնի տարրեր: Հիմնական մուտքը գտնվում է հյուսիսային կողմում: Ազգային Մեծ Թատրոնը բաղկացած է երեք հիմնական սրահներից՝ 2416 նստատեղով օպերային դահլիճից, 2017 նստատեղով համերգային դահլիճից և թատրոնից՝ 1014 նստատեղով: Պեկինի Ազգային թատրոնի բոլոր սրահներն ու տարածքները բաց են լայն հանրության առաջ և փոքր քաղաքի տպավորություն են ստեղծում: Այն ունի ամեն ինչ՝ փողոցներ, հրապարակներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ և սպասասրահներ: Օպերային թատրոնը գտնվում է կառույցի կենտրոնում. սա նախագծի ամենակարևոր և խորհրդավոր մասն է հանդիսանում: Համերգային դահլիճն ու թատրոնը գտնվում են կառույցի երկու բևեռներում: Շինարարության արժեքը հասավ նախատեսված 2,6-ից մինչև 3.2 միլիարդ յուանի (500 մլն ԱՄՆ դոլլարի): Չինացիների համար շատ դժվար էր ընդունել արևելյան մոտիվներով, բայց չափից ավելի ժամանակակից շենք իրենց ավանդական պատմական քաղաքում. սակայն ի վերջո նրանք չկարողացան դիմակայել այդ խորհրդավոր գեղեցկության գայթակղությանը: Օպերային Թատրոնի այս ձվանման կառույցը հատկապես հիացնում է գիշերը, երբ կախարդական լուսավորությունը ավելի հեքիաթային է դարձնում այս համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ