Ճախրող Ամրոց, Օդեսա, ՈՒկրաինա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՈՒկրաինա

Ահա՛ և Ձեր երազների ֆանտաստիկ «դղյակը»: Մենք տեղեկություն չունենք այս յուրօրինակ տան ճարտարապետի մասին, այնուամենայնիվ, մեծ հավանականությամբ նա հստակ կապեր է ունեցել այլմոլորակայինների հետ: Կամ էլ չարաճճի մանկության ընթացքում բազմիցս պատժվել է՝ մեկ ոտքի վրա հենված ժամերով կանգնելով անկյունում, իսկ արդեն մեծ հասակում որոշել է իր ցասումն ու մանկական հիշողությունները մարմնավորել ճարտարապետության այս գլուխգործոցում: Լավ, մի կողմ դնեմ իմ ենթադրություններն ու ավելացնեմ, որ որոշ աղբյուրների համաձայն մեզ անհայտ ճարտարապետը ոգեշնչված է եղել ինչ-որ հանրահայտ կտավով, և կարծես թե նրա գլխում առաջացել է այս հանճարեղ միտքը:

Չնայած, եթե ավելի ուշադիր նայենք այս տարօրինակ կառույցին, ամենայն հավանականությամբ սա հանքային պարարտանյութերի ժամանակավոր զետեղարան է եղել, այսինքն՝ զուտ տեխնիկական նկատառումներով է գործածվել: Այս՝ մեկ ոտքի վրա հենված առեղծվածային տունը գտնվում է Օդեսայից 5կմ հյուսիս: Չնայած իր կիսավեր վիճակի՝ այն իր անսովոր ճարտարապետական լուծման շնորհիվ գրավում է բազում այցելուների և առեղծվածային ձգողությամբ կանչում իր գիրկը: Ճախրող ամրոցի հիմնական գրավիչ ուժն այն է, որ կառույցն ունի ընդամենը մեկ հենասյուն, որն էլ հրաշքով պահում է օդում այս անհեթեթ շինությունը:

Թեկուզ այս թռչող «դղյակն» անմխիթար վիճակում է, այն առանձնանում է առօրեական կառույցների մոխրագույն զանգվածից և գերբնական ուժով դեռ շարունակում է ճախրել օդում, գրավելով հետաքրքրասերների ուշադրությունը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ