Ձուկ-Տուն, Մինեսոտա, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿենդանիների աշխարհը զարդարում է մեր մոլորակը, իսկ նրանց տեսքով շենքերը բնականաբար հաճելի են մեր աչքին: «Մեծ ձուկ սուպեր ակումբը», որն այսպես է կոչվում այսօր, կառուցվել է 1958-ին քանդակագործ Ուեյն Կամպլայի կողմից, Մինեսոտա նահանգի Բեն քաղաքում: 20 մետր երկարությամբ և 4,3 մ բարձրությամբ Ձուկը սկզբնապես նախագծվել էր որպես պաղպաղակի և համբուրգերների վաճառքի սրճարան և կոչվում էր «Մեծ ձուկ պանդոկ»: Այս շենքի կմախքն իրենից փայտե շրջանակ է ներկայացնում և պատված է տանիքի ծածկով, իսկ Կոկա–Կոլայի ապրանքանիշն օգտագործվել է ձկան աչքերը կերտելիս: 1963-ին Մեծ Ձուկը վերածվում է հուշանվերների խանութի: Ավելի ավանդական շենք է կառուցվում նրա կողքին, որը ծառայում է որպես ռեստորան: Երկար տարիներ Ձուկն օգտագործվում է որպես պահեստ, իսկ նրա ատամներից շատերը գողանում են: Հսկայական բաց երախով գայլաձուկը սկսում է օգնության կանչել և 2009-ին հայտնվում է «Մինեսոտայի 10 առավել խոցելի պատմական հուշարձանների ցուցակում», որոնք շտապ վերանորոգման կարիք ունեն: Տեղացիները գումար են ներդնում «պատմական շենքի» վերանորոգման համար, իսկ սեփականատերեր Փոլ և Լինդա Ռեյմերները իրենց բարեկամ հյուսնի հետ մեկտեղ կատարոում են անհրաժեշտ ատաղձագործական աշխատանքները: Ձկան արտաքին «մաշկը» պաշտպանվեց նոր ծածկով, որպեսզի այս անգամ այն առավել երկար դիմակայի Մինեսոտայի դաժան ու ցրտաշունչ ձմեռներին: 2010 թվականին «Մեծ ձուկ սուպեր ակումբը և հանգստավայրը» գնում է Ալ և Էմի Հեմմեների ընտանիքը: Այսօր համալիրն ունի 5 վերանորոգված տնակներ և հանդիսանում է հիանալի վայր հանգստի, որսորդության և մոտակա լճում ձկնորսության համար: Հանգստացողներն ու ճանապարհորդները կարող են նաև համտեսել ծիծաղելի «Մեծ ձուկ» վերանորոգված ռեստորանի համեղ ճաշատեսակները:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.bigfishsupperclub.com