Ֆիննական Ազգային Թատրոն, Հելսինկի, Ֆինլանդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆինլանդիա

Հելսինկիի ֆիննալեզու ամենահին թատրոնի շենքը դրսից ոչնչով թատրոն չի հիշեցնում։ Կարմիր տանիքներով գրանիտե այս հսկայական կառույցը ավելի շուտ հիշեցնում է միջնադարյան թագավորի նստավայր, քան թե թատրոն։ Շենքը կառուցված է ազգային ռոմանտիզմի ոճով, որը տարածված էր Ֆինլանդիայում, Սկանդինավյան երկրներում և Ռուսաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Թատրոնը կառուցվել է միջնադարյան ճարտարապետության ոճով՝ ի պատասխան ինդուստրիալիզմի տարածմանը։

Ֆիննական ազգային թատրոնը (Suomen Kansallisteatteri) կառուցվել է անցած դարի սկզբում. բացումը տեղի է ունեցել 1902 թվականին։ Ֆիննական դրամատիկական թատրոնը հիմնվել է դեռևս 1872 թվականին Կաարլո Բերբուրգի և նրա քույր Էմիլիայի կողմից, Պորի քաղաքում: Թատրոնի նոր շենքի ավարտից հետո, 1902 թվականից, Դրամատիկական թատրոնը տեղափոխվեց այստեղ և վերանվանվեց Ֆիննական ազգային թատրոնի:

Կառուցվել է շենքը ճարտարապետ Օննի Տարյաննեի նախագծով։ Թատրոնը գտնվում է Ռաուտատիենտորի հրապարակում (ֆիններենից թարգմանաբար նշանակում է «Երկաթուղային հրապարակ»)։ Շրջապատող կառույցները, թատրոնի համեմատությամբ, համեստ են և ավելի մուգ երանգ ունեն, ինչն էլ ավելի է ընդգծում թատրոնի վեհությունը։

Թատրոնը կառուցվել է գրանիտից և ունի կղմինդրե տանիքներ։ Գլխավոր ճակատը երկու կողմերից զարդարված է երկու համաչափ աշտարակներով։ Եռանկյուն վերնաճակատը զարդարում է գլխավոր ճակատի միջին հատվածը։ Չնայած արտաքին պատերի գրանիտե կոպիտ հարդարանքին, թատրոնի ճակատամասը զարդարված է մանրամասն զարդաքանդակներով, որոնք կառույցին հաղորդում են որոշակի նրբագեղություն։ Սյունաշարերը և կամարակապ պատուհաններն ու դռները իրենց հերթին շենքին ինքնատիպ փայլ են տալիս՝ նմանեցնելով այն հեքիաթային դղյակի։

Սկզբնապես թատրոնն ուներ մեկ բեմահարթակ, սակայն 1954 թվականին կառուցվեց երկրորդը, որն օգտագործվում է ժամանակակից ոճի ներկայացումների համար։ 1976 և 1987 թվականներին բացվեցին համապատասխանաբար երրորդ և չորրորդ բեմերը, որոնք օգտագործվում են փորձնական բեմադրությունների համար։ Չորրորդ բեմը գտնվում է առանձին շենքում՝ ոչ հեռու հիմնականից։ Թատրոնը ամբողջությամբ կարող է տեղավորել ընդհամենը 1100 դիտորդ։ Շենքի ներսում առանձնահատուկ ուշադրություն է գրավում դերասանուհի Իդա Աալբերգի հուշարձանը։ Թատրոնը պատկանում է մասնավոր հիմնադրամի և ղեկավարվում է հատուկ խորհրդով։ Ֆիննական ազգային թատրոնը հետևում է խիստ կանոնների, մասնավորապես, արդարացնելով «ազգային թատրոն» անվանումը՝ այստեղ ներկայացումները բեմադրվում են միայն ֆիններենով, սակայն կառույցի ճարտարապետությունը մշտապես գրավում է նաև այլալեզու այցելուների։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ