Երերույքի Տաճար, Անիպեմզա, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԵրերույքի տաճարը, կամ Երերույքի եռանավ բազիլիկան, գտնվում է Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտակայքում (Հայաստանի հին մայրաքաղաք Անիից 8 կմ. հեռավորության վրա) Ախուրյան գետի ձախ ափին: Տաճարը գտնվում է կիսավեր վիճակում: Երերույքի բազիլիկան, որը կառուցվել է V դարի վերջում արհեստական լճի ափին (լճի պատնեշը հայտնաբերվել է 1948թ. պեղումների ժամանակ), Հայաստանի ամենավաղ քրիստոնեական համալիրներից մեկն է:
Տաճարի ճարտարապետական հորինվածքը և նրա առանձին էլեմենտները սիրիական տաճար են հիշեցնում: Դա Հայաստանի և Սիրիայի միջև ունեցած մշակութային և հոգևոր սերտ կապերի հետևանքն է (IV-Vդդ.): Սակայն Երերույքը սիրիական տաճարների պատճենը չէ, այլ փոխառված հորինվածքային սխեմաների ինքնուրույն մշակման արդյունք:
Երերույքի եռանավ բազիլիկան կառուցված է սրբատաշ կարմիր տուֆից: Դարեր առաջ այն շրջապատված էր պատերով: Տաճարը կառուցված է վեցաստիճան ստիլոբատի վրա (աստիճանավոր պատվանդանի վերին մաս): Երեք զույգ խաչաձև մույթերը բաժանում են եկեղեցու սրահը երեք նավի: Միջին նավը, որը լայնությամբ և բարձրությամբ գերազանցում է կողայինները, վերջանում է կիսաշրջան խորանով: Արևելյան և արևմտյան մասում գտնվում են երկհարկանի սենյակները, որոնք հիմնական դահլիճի հետ կապված են բաց սյունակամարաշար սրահներով: VI-VII դդ. վերակառուցվել էր տաճարի արևմտյան թևը: Այդ ժամանակ կառուցվել է նաև երեք կամարներով գավիթ-սրահը:
Եկեղեցու կտուրն ամբողջովին փլված է: Գիտնականները տարբեր կարծիքներ են հայտնում նրա ծածքի վերաբերյալ: Ոմանք (Թորամանյան 1948թ. , Ալպագո Նովելլո 1977թ, ) կարծում են, որ այն եղել է փայտյա, վերածածկված կղմինդրով, ոմանց կարծիքով էլ (Տոկարսկի, 1961թ.; Խաչատրյան 1971թ.) կտուրը եղել է թաղածածկ:
Երերույքի տաճարի ներքին հարդարանքն առանձնանում է իր նրբագեղությամբ: Բոլոր դեկորատիվ էլեմենտները բարձր գեղարվեստական արժեք ունեն: Նրանք են` հարավային և արևմտյան շքամուտքերը, ատամնաշար քիվերը, հավասարաթև խաչերը, խոյակները, զարդարված ոճավորված տերևներով և երկրաչափական զարդաքանդակներով, և այլն:
Ամենահին արձանագրությունը հունարեն լեզվով, որը փորագրված է հարավային պատի երեսին, թվագրվում է VII դ.: Մնացած երկուսը թվագրվում են 1038թ.և 1201-1212թթ.: 1908թ. պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի հին արձանագրություն, որտեղ Երերույքը հիշատակվում է որպես Սուրբ Կարապետի վկայարան:
Երերույքի տաճարը մի քանի անգամ պեղվել է. 1908թ. – Ն.Յա. Մառ; 1928թ. – պատմական հուշարձանների վերականգնման հարցերով զբաղվող Հայկական հանձնաժողով (այդ ժամանակ ամրապնդվել են պատերը և աստիճանները). 1948թ.- Ա.Սահինյանի ղեկավարած հանձնաժողով: 2009 թ. սկսած Ֆրանսիայի Պրովանս Համալսարանի հնագետները հետազոտություններ են անցկացնում Երերույքի տաճարում և նրա մերձակայքում:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի , www.building.am