Էսկորիալ Ճարտարապետական Համալիր, Իսպանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԻսպանիաԻսպանական թագավորների հիասքանչ նստավայր-պալատը և Էսկորիալ վանքը գտնվում են Մադրիդից 45 կիլոմետր հեռավորության վրա՝ Սիերրա դե Գվադարամա լեռնաշխարհի Աբանտոս լեռան ստորոտին, Սան Լորենցո դե Էլ Էսկորիալ քաղաքում։
Էսկորիալը (El Escorial) սկսել են կառուցել ի պատիվ 1557 թվականի օգոստոսի 10-ին ֆրանսիական բանակի դեմ Ֆիլիպ II-ի տարած հաղթանակի։ Ռազմական գործողությունների ժամանակ իսպանական բանակը սխալմամբ քանդել էր Սուրբ Լորենսո դե Էլ Էսկորիալին նվիրված վանքը։ Պատերազմի ավարտից հետո Ֆիլիպ II-ը որոշեց ի պատիվ այդ սրբի կառուցել նոր վանք, ինչպես նաև վանքի կողքին պալատական համալիր։ Այստեղից էլ ծագել է Էսկորիալ ճարտարապետական համալիրի անվանումը։ Էսկորիալի տեղը ընտրում էին բավական երկար՝ փնտրում էին վայր, որի կլիման ոչ շատ շոգ լիներ, ոչ էլ ցուրտ, և որը նաև գտնվեր Մադրիդից ոչ հեռու։ Շինարարությունը հանձն առավ Միքելանջելոյի աշակերտը՝ Խուան Բատիստա դե Տոլեդոն, ում մահից՝ 1567-ից հետո, նախագիծն ավարտին հասցրեց Խուան դե Էրրերան։ Շինարարությունը սկսվեց 1563 թվականին, տևեց 21 տարի և ավարտվեց 1584 -ին։
Էսկորիալը պետք է դառնար Ֆիլիպ II-ի հաղթանակի խորհրդանիշը։ Մինչ այն կառուցում էին, շինարարների ծրագրերը սկսեցին ավելի ու ավելի ծավալվել։ Թագավորը սիրում էր առանձնանալ և աստվածավախ անձնավորություն էր, ուստի Էսկորիալ ճարտարապետական համալիրը միաժամանակ ներառում է և՜ վանք, և՜ շքեղ թագավորական պալատ։ Որոշում ընդունվեց այստեղ կառուցել նաև թագավորական դամբարան։ Անցած չորսուկես դարերի ընթացքում Էսկորիալում են հուղարկավորվել համարյա բոլոր իսպանական թագավորները։
Առանձնահատուկ ուշադրություն է գրավում Էսկորիալի գրադարանը, որն իր գեղեցկության ու արաբական հին ձեռագրերի հարուստ հավաքածուի շնորհիվ աշխարհում համարվում է լավագույններից մեկը։ Գրադարանում հնագույն գրքերի կազմերը պահպանելու համար դրանք պահվում են կողերով դեպի ներս։
Էսկորիալ ճարտարապետական համալիրը ընդարձակ ուղղանկյան տեսք ունի (208 մ x 162 մ)։ Կառուցել են այն բաց գույնի ավազաքարից։ Համալիրը առանձնանում է իր ձևերի ստույգ համաչափությամբ ու արտաքին ճակատամասերի խստությամբ։ Դղյակը զարդարված է անկյունային աշտարակներով։ Էսկորիալն ունի բազմաթիվ գաղտնի ելքեր, 16 ներքին բակ, 15 ցուցասրահ, 13 զանգակատուն, 300 մենախուց և բազում այլ սրահներ։ Համալիրի հարավային ու արևելյան կողմերում գտնվում են ֆրանսիական ոճի շքեղ պարտեզներ։
Դղյակի ներքին դեկորացիաները նույնպես համեստ են, բայց այդ համեստությունը փոխհատուցվում է եվրոպական մշակույթի բազմաթիվ գլուխգործոցներով, որոնց կարելի է հանդիպել Էսկորիալի ցանկացած անկյունում։ Դղյակը շքեղ զարդարված է կերպարվեստի գործերով։ Պատահական չէ, որ հենց Էսկորիալում է գտնվում գեղանկարների ամենահարուստ հավաքածուներից մեկը Եվրոպայում։ Այստեղ պահպանվում են Տիցիանի, Բոսխի, Վան Դեյկի և շատ այլ հանճարեղ նկարիչների գործեր։ Պալատում ցուցադրվում են նաև գորգերի հավաքածուներ, որոնք ստեղծվել են Գոյայի ու Ռուբենսի գծագրերով։
Վանքի գլխավոր տաճարը շլացնում է ներքին դեկորացիաների ճոխությամբ։ Տաճարն ունի 43 խորան, որոնցից յուրաքանչյուրը գլուխգործոց է՝ ստեղծված որևէ հայտնի վարպետի կողմից։ Տաճարի սյուները մարմարից ու հասպիսից են։
Պալատի առաստաղները, ինչպեսև տաճարինն ու գրադարանինը, զարդարված են ճոխ որմնանկարներով։ Հատկապես զարմանահրաշ է գրադարանի առաստաղը, որը ստեղծել է Պելեգրինո Տիբալդին։ Նրա ստեղծագործությունը խորհրդանշում է յոթ գիտություն՝ թվաբանությունը, աստղագիտությունը, երկրաչափությունը, քերականությունը, դիալեկտիկան, երաժշտությունը, ճարտասանությունը, իսկ աստվածաբանությունն ու փիլիսոփայությունը պատկերված են պատերին։
Էսկորիալի ճարտարապետության ազդեցությունը նկատելի է եվրոպական բազմաթիվ դղյակներում։ Այն իրավամբ անվանում են աշխարհի ութերորդ հրաշալիք։ Այժմ այստեղ գործում է նաև Էսկորիալի պատմության թանգարան։
1984 թվականի նոյեմբերից Էսկորիալի Ճարտարապետական Համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am