Էջմիածնի Մայր Տաճար, Վաղարշապատ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Մայր Տաճարը Հայաստանում ամենահին քրիստոնեական եկեղեցին է և առաջիններից մեկն է ողջ քրիստոնեական աշխարհում: Տաճարը 301 թվականին հիմնադրել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորի օրոք (287-330 թթ.): Էջմիածնի Մայր Տաճարը հանդիսանում է Հայկական Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի այժմյան նստավայրը (եղել է նստավայր 303-484թթ և մինչ այսօր՝ սկսած 1441-ից):

Տաճարը սկզբից բազիլիկի ձևով էր կառուցված, սակայն 483 թվականին այն վերակառուցվել, խաչաձև տեսք է ստացել և գմբեթ ավելացվել: Բացառությամբ գմբեթի, տաճարի վերակառուցումն իրականացրել է Վահան Մամիկոնյանը: Փայտե գմբեթը գոյատևել է մինչև VII դարը, իսկ այնուհետև փոխարինվել է քարով: 1653-1658 թվականներին տաճարի արևմտյան մուտքին կից կառուցվել է գմբեթավոր եռանավ զանգակատունը հարուստ զարդաքանդակներով: Հետագայում տաճարի հարավային, հյուսիսային և արևելյան ապսիդների վրա կառուցվել են չորս սյուների վրա հիմնված կլոր ռոտոնդներ, որոնք տաճարին հաղորդեցին վերջնական հնգագմբեթ տեսքը:

Մայր Տաճարի բավականին հազվադեպ առանձնահատկությունն այն է, որ ի լրումն արևելյան ապսիդի հիմնական խորանի, գոյություն ունի ևս երեք խորան: Նրանցից երկուսը գտնվում են հյուսիսային և հարավային ապսիդներում, իսկ վերջինը գտնվում է Մայր Տաճարի սրտում և որպես սրբատեղի է հանդիսանում: Ըստ լեգենդի՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում հենց այս վայրում է իջել Քրիստոսը (այդ պատճառով էլ վայրը կոչվել Էջմիածին՝ իջավ միածինը) և նրան պատվիրեց այստեղ տաճար կառուցել:

Հայկական եկեղեցուն նվիրաբերած պարգևներն ու մասունքները պահպանելու համար 1869 թվականին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ տաճարի արևելյան մասին կից երեք շինություն է կառուցվել, որոնք այժմ վանքի թանգարանն են հանդիսանում: Հատուկ ուշադրությանն են արժանանում վանքի բակում գտնվող երեք խաչքարերը՝ մեկը 1279 թվականի Ամենափրկիչ տիպի խաչքար է, հաջորդը՝ XVII դարի Ջուղայի գերեզմանոցից է՝ պատված սրբերի, մարդկանց, կենդանիների և թռչյունների բարդ զարդաքանդակներով, իսկ վերջինը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերին: 1950 –ական թվականներին խոշոր շինվերանորոգման աշխատանքներ են իրականացվել Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։

Մայր աթոռ Ս.Էջմիածին տաճարը 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ