Հոլանդական Եկեղեցի, Գալլե, Շրի Լանկա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շրի ԼանկաՀոլանդական Ռեֆորմատական Եկեղեցի, Գալլե, Շրի Լանկա
Եկեղեցին հիմնադրվել է 1640թ. Հոլանդական Օստ-Հնդկական ընկերության կողմից: Սակայն ներկայիս տեսքին այն եկել է 1750-1752թթ.: Եկեղեցու հատակը ծածկված է գրանիտե գերեզմանաքարերով, որոնց տակ հանգչում են այստեղ բնակություն հաստատած շատ հոլանդացիներ: Դրանց ուշադիր նայելիս սարսափելի մի փաստ կարելի է նկատել. մեծամասամբ այստեղ հուղարկավորված են երեխաներ, որոնք ապրել են մեկ օր կամ ամենաշատը մեկ ամիս: Իսկ «ամենածեր» մարդն այստեղ 58 տարեկան էր: Այս փաստը կարելի է բացատրել այդ ժամանակ տարածված բազմաթիվ հիվանդություններով, որոնք այդ ժամանակ անբուժելի էին համարվում, ինչպես նաև տեղացիների վրեժխնդրությամբ գաղութարարների հանդեպ:
Եկեղեցում զգալի փոփոխություններ կատարվեցին բրիտանական գաղութացման ընթացքում: 1830թ. արևմտյան կողմում տեղադրվեց գունապակի, իսկ 1890թ. դրա վրա կառուցվեց տանիք` պաշտպանելու այն ջրից:
Ռեֆորմատական եկեղեցին կառուցվել է Հոլանդական բանակի սպայի նվիրատվությունով ի պատիվ իր երկար սպասված դստեր ծննդյան: Շատ լուրեր էին պտտվում եկեղեցու անվան շուրջ. դրանց թվում նաև լեգենդն այն մասին, որ եկեղեցու տակ կան բազմաթիվ ստորգետնյա ճանապարհներ, որ տանում են քաղաքի կարևոր ռազմավարական կետեր, ներառյալ քաղաքապետի տունը:
2001թ. կազմվեց վերականգման աշխատանքների նախագիծ Նիդերլանդների կառավարության ֆինանսավորմամբ: Տեղի կառավարությունը ստիպված էր մասնագետներ հրավիրել Նիդերլանդներից` պահպանելու համար եվրոպական ճարտարապետության բնորոշ գծերը: Շրի Լանկա ժամանեցին վերականգման աշխատանքների մասնագետ, ճարտարապետ Հարրի Բորեման և մի շարք այլ ճարտարապետներ: Վերակառուցման ընթացքում կազմակերպվեցին հատուկ ուսուցողական դասընթացներ գունապակու վերականգնման համար: Նիդերլանդական մի ընկերություն տրամադրեց շինարարության համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Ութ տեղացի ու երեք հոլանդացի ճարտարապետներ միասին աշխատում էին գունապակու վերականգնման վրա:
Եկեղեցում մինչ օրս անցկացվում են պատարագներ ամեն ամսվա առաջին կիրակի օրը: Ամբողջ տարի այստեղ գալիս են շատ հոլանդացիներ իրենց նախնիների գերեզմաններն այցելելու համար: Քահանայի ամբիոնի մոտ սպիտակ դաշնամուր է դրված. Տեղացի դաշնակահարը պատարագի ընթացքում կատարում է «Ավե Մարիան»: Սա աննկարագրելի տպավորություն է թողնում… Երեք հարյուրամյակի պատմություն ունեցող գերեզմանաքարերի հետ համատեղ այս երաժշտությունը կարծես տեղափոխում է հոլանդական գաղութացման տարիներ, ու աչքի առաջ գալիս են կանայք բազմաշերտ զգեստներով ու տղամարդիկ կարճ տաբատներով, որ ծնկի են իջնում ու աղոթում:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Լուսանկարները՝ Նարեկ Բախտամյանի