Դանտրուն Ամրոց, Արգայլ, Շոտլանդիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ ԲրիտանիաԴանտրուն ամրոցը (Duntrune Castle) տեղակայված է Շոտլանդիայի արևմուտքում: Այժմ այն խաղաղ շինություն է, բայց ժամանակին օգտագործվել է որպես ռազմական կետ՝ ջրի կողմից հարձակումները կանխելու համար: Ամրոցը կառուցվել է XII դարում Մաքդուգալների ընտանիքի կողմից, իսկ այնուհետև անցել է Քեմփբելների տոհմին: 1792 թվականին Քեմփբելները վաճառում են ամրոցը Մալքոլմներին և մինչ օրս այն հանդիսանում է նրանց սեփականությունը:
XVII դարում Անգլիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում Շոտլանդիան բաժանված էր թշնամական տոհմերի: Դրանցից էին նաև Քեմփբելները, որոնք պաշտպանում էին ազգային ժողովին, և Մաքդոնալդները, որոնք Չարլզ I թագավորի կողմնակիցներն էին: 1644-ին, օգտվելով տերերի բացակայությունից, Մաքդոնալդները հրամանատար Ալասդեր Մաքքոլի (Քոլկիտտո) գլխավորությամբ գրավեցին ամրոցը: Հրամանատարը պետք է գնար պատերազմը շարունակելու ու նա այստեղ թողեց մի գունդ զինվորներ ու իր հավատարիմ պարկապզուկահարին: Վերադառնալով՝ Քեմփբելները որոշեցին իրենց ամրոցը հետ գրավել. նրանք սպանեցին բոլոր Մաքդոնալդներին, բացի պարկապզուկահարից: Այդ ժամանակ պարկապզուկահարները շատ կարևոր մարդիկ էին. պատերազմի ժամանակ նրանք գնում էին զորքի առջևով ու ցույց էին տալիս ճիշտ ճանապարհը: Բացի այդ նրանք անձեռնամխելի էին: Այդ պատճառով Քեմփբելները չէին կարող նրան սպանել:
Վերջինս գիտեր, որ շուտով իր հրամանատարը կվերադառնա, ու որ այդ դեպքում նրան մահ էր սպառնում: Պետք էր զգուշացնել նրան: Մի քանի օր երաժիշտն անցկացրեց ափին՝ սպասելով Մաքքոլին: Շուտով հեռվում երևաց հրամանատարի նավը: Պարկապզուկահարը սկսեց նվագել նրան ծանոթ երաժշտությունն ուշադրությունը գրավելու համար: Երբ Քոլկիտտոն փոքր ինչ մոտեցավ ափին, երաժիշտը փոխեց մեղեդին՝ հասկացնելով հրամանատարին վտանգի մասին: Նա հասկացավ ու շրջեց նավը: Փրկելով իր հրամանատարին, սակայն, պարկապզուկահարն ինքն արժանացավ դաժան ճակատագրի. Քեմփբելներն իմանալով նրա արարքի մասին, կտրեցին խեղճի դաստակները: Մի քանի օր անց նա մահացավ ստացված վերքերից: Սակայն նրա հոգին այդպես էլ չլքեց ամրոցը ու մինչ օրս շարունակում է հայտնվել ու իր տխուր մեղեդի նվագել:
1880թ. վերանորոգման աշխատանքների ընթացքում աշխատողները հայտնաբերեցին մարդկային կմախք, որի մոտ բացակայում էին դաստակները: Ամրոցի այդ ժամանակվա տերը կարգադրեց, որպեսզի անցկացվի պատշաճ հուղարկավորություն: Սակայն նույնիսկ դրանից հետո ամրոցում նույն վիճակն է տիրում. թռչող մագաղաթներ ու գրքեր, ինքնուրույն տեղաշարժվող աթոռներ, ժամացույցներ, որ կանգ են առնում, հետո նորից առաջ գնում: Համարվում է, որ երաժշտի հոգին հանգիստ չունի հուղարկավորության պատճառով. պարկապզուկահարը եղել է կաթոլիկ, իսկ նրան հուղարկավորել են բողոքականների ավանդույթով:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am