Դոմինիկյան Տաճար, Լվով, Ուկրաինա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՈւկրաինաԴոմինիկյան Տաճար և Վանական Համալիր, Լվով, Ուկրաինա
«Soli Deo Honor et Gloria» («Միակ Աստծուն փառք և պատիվ») վկայում է Դոմինիկյան տաճարի և վանական համալիրի գլխավոր ճակատին գրված նախադասությունը: Այս շենքը քաղաքի հնագույն և ամենաուշագրավ կառույցներից մեկն է: Այն գտնվում է Լվովի հին քաղաքում՝ Մուզեյնայա հրապարակի վրա:
Շենքի կառուցումը սկսվել է 1749 թվականին՝ ինժեներ և ճարտարապետ Յան դե Վիտտեի նախագծի հիման վրա: Կառուցումը տևել է մոտ 10 տարի: Վանական համալիրը գտնվում է 14րդ դարում կառուցված և հետագայում հնության պատճառով քանդված Դոմինիկյան վանքի տեղում: Նոր տաճարի զանգակատունը կառուցվել է 1865 թվականին, իսկ 1895ին՝ վերակառուցվել է շենքի գմբեթը:
Թե տաճարը և թե վանական համալիրի եռահարկ շենքը կառուցված են քարից: Տաճարն ունի ձգված խաչի տեսք՝ օվալաձև կենտրոնով: Էլիպսաձև գմբեթը հիմնված է 8 զույգ խոշոր կրկնակի սյուների վրա:
Տաճարի ֆրոնտոնը տպավորում է իր խոշոր սյուներով, առաջ եկած քիվով և դրա վրա տեղադրված ասիմետրիկ արձաններով: Տաճարի գմբեթն ու զանգակատան տանիքը կանաչ գույն ունեն, իսկ բուն շինությունը՝ մուգ կաթնագույն: Այս գունային համադրությունը հնության տպավորություն է ստեղծում:
Տաճարի ուղղանկյուն խորանը զարդարված է չորս արձաններով, որոնք ստեղծել է Մ. Պալեյովսկին: Տաճարի ներսում կարելի է գտնել դոմինիկյան սրբերին պատկերող 18 խոշոր փայտե արձաններ:
Տաճարը կառուցվել է ուշ բարոկոի ոճով, իսկ հետագայում կառուցված հարակից շինությունները իրենց ոճով հարմարեցվել են հիմնական տաճարի ճարտարապետությանը:
Դոմինիկյան տաճարը հայտնի է այստեղ տեղի ունեցած բազմաթիվ պատմական իրադարձություններով, որոնցից հատկապես ուշագրավ է Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքված պայմանագիրը՝ ընդդեմ Շվեդիայի: Այսօր վանական համալիրի շենքում գործում է Պատմության և կրոնի թանգարանը, որը ստեղծվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում: 1990 թվականից եկեղեցին գտնվում է Ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցու վերահսկողության տակ և կրում է Սուրբ Հաղորդության տաճար անվանումը:
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am