Դեղձնուտի Վանք, Աճարկուտ, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԴեղձնուտի վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ արևմուտք, Խնձորկուտ գետակի ձորում: Վանքի հիմնադիրն է Առաքել վարդապետը, Կիլիկիայի Տարսոն քաղաքից: Նրա բեկորված տապանաքարը (1292) գտնվում է վանքի գավթում:
Դեղձնուտի վանքը միջնադարյան հայ ճարտարապետության վառ օրինակներից է: Նրա շուրջը գերեզմանոց է և համանուն գյուղատեղիի ավերակները (X-XVII դդ.): Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և գավթից: Սրբատաշ, մուգ վարդագույն տուֆից կառուցված գլխավոր եկեղեցին (1258թ.) հորինվածքով գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու արևելյան որմնամույթերը ձևավորում են խորանի եզրագիծը: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Ծածկն իրականացված է չորս կիսասյուներն իրար միացնող կամարների վրա, որոնք միաժամանակ ծառայում են որպես հենարան կլոր թմբուկի և գմբեթի համար (ներկայումս կիսավեր են): Առավել ուշագրավ է եկեղեցու ներքին և արտաքին հարդարանքը:
Եկեղեցու գավիթը (XIII), որը կառուցված է նույն վարդագույն տուֆից, կից է եկեղեցուն արևմուտքից: Այն ուղղանկյուն հատակագծով անսյուն կառույց է: Գավիթի ծածկն իրականացված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարով, որոնք կենտրոնում կազմում են ցածրանիստ գմբեթ՝ երդիկային բացվածքով, որը բնորոշ է այն ժամանակվա ինչպես աշխարհիկ կառույցներին, այնպես էլ եկեղեցիներին: Գլխավոր եկեղեցուց գավիթի մեջ բացվող արևմտյան շքամուտքը հարուստ ու բարձրարվեստ ձևավորում ունի: Մուտքի բարավորին փորագրված խաչը պատում է բուսական և երկրաչափական պատկերների նուրբ քանդակը: Նրա արևմտյան մուտքը նույնպես հարուստ ձևավորում ունի: Գավթի պատերի վրա պահպանվել են XIII դ. թվագրվող նվիրատվական արձանագրությունները, որոնցից պարզ է դառնում, որ գավթի շինարարությունը տևել է 16 տարի` 1258-1274 թթ.։ Գավթի տանիքը և հատակը սալապատված են:
Վանքի երկրորդ եկեղեցին (1275թ.) գտնվում է գլխավոր եկեղեցուց 20 մ. հյուսիս-արևելք: Այն բավականին պարզ կառույց է, որը մի քանի անգամ վերանորոգվել է:
Վանքում են գտնվում միջնադարյան խաչքարերի բեկորները` արձանագրություններով և թվերով: Նրանցից մեկը`Պետրոս և Քաղաք վարպետների ստեղծագործությունն է, որի վրա պահպանվել են արձանագրություններ վանքի հիմնադրման մասին։
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am