Տուն՝ Թափվող Կահույքով, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Տուն՝ Թափվող Կահույքով, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ

Դուք կարող եք հանդիպել «Դեֆենեստրացիա» կոչվող այս զվարճալի շենքը Սան Ֆրանցիսկոյում՝ 6-րդ և Հովարդ փողոցների հատման անկյունում: Մի խումբ պատահական իրեր, ինչպիսիք են սեղանները, աթոռները, լամպերը, պապիկի ժամացույցը, սառնարանը, ամրացված են շենքի ճակատին այնպես, որ ստեղծում են ընկնող իրերի պատրանք: : Այս ստեղծագործությունն իրականացվել է նկարիչ Բրայան Գոգինի և ավելի քան 100 կամավորների համատեղ աշխատանքի շնորհիվ: Լքված, չորս հարկանի բազմաբնակելի շենքը 1997-ից ի վեր հանրությանն է ներկայացել արդեն իր հետաքրքիր և անսովոր տեսքով: Առաջին հարկը ծառայում է որպես պատկերասրահ՝ փողոցային նկարիչների (մուրալիստների) մոնումենտալ աշխատանքների համար:

«Դեֆենեստրացիա» բառը նշանակում է «նետել պատուհանից դուրս»: Բառը նկարագրում է միջին դարերում որոշ երկրներում կիրառվող անհնազանդության և բողոքի քաղաքական ակցիաի մի ուրույն ձև: Այս քաղաքական քայլն կիրառվում էր ոչ միայն իրերի նկատմամբ, այլ նաև մարդկանց՝ քաղաքական թշնամիների: Այս տեսակետից Սան Ֆրանցիսկոյի շենքի տեսքը, ամենայն հավանականությամբ, ավելի բնութագրական է հարավային Իտալիայի հայտնի սովորույթին, երբ Ամանորին բոլոր հին իրերը դուրս են նետում պատուհանից: Ամեն դեպքում երկու ավանդույթներն էլ մի փիլիսոփայություն ունեն՝ դուրս նետել ամեն հինը, լավ ապագայի համար: Հենց այս միտքն է ընկած Բրայանի ստեղծագործության հիմքում, որը իրականացվել է քաղաքի ամենալքված համայնքներից մեկում: «Դեֆենեստրացիա» նախագիծը դեպի լավը շրջադարձային կետ հանդիսացավ Սան Ֆրանցիսկոյի այս տարածքի համար և դրական ճանապարհ ցույց տվեց մյուս աղքատ համայնքներին:

Ստեղծումից 13 տարի անց այս կառույցի ճակատը վերանորոգվեց, որը պահանջեց բավականին մեծ ներդրումներ բարերարներից և մեկ տարվա լարված աշխատանք:

Ինչպես վերջերս հայտարարվեց, Սան Ֆրանցիսկոյի մի կառուցապատող ընկերություն շուտով կսկսի այս լքված շենքի վերակառուցումը, դարձնելով այն մատչելի գներով բազմաբնակելի շենք: Մինչ շինարարության սկիզբն ընկերությունը խոստացել է պահպանել կառույցի արտաքին տեսքը: Այս լքված թաղամասի համար սա իհարկե մեծ հաղթանակ է, երբ վերաբնակեցվում են լքված տները, երբ «Դեֆենեստրացիան» հասնում է իր նպատակին: Հույս ունենանք, որ վերակառուցումից հետո այս բազմակի մրցանակակիր կառույցը չի կորցնի իր տեսքը և կշարունակի հիշեցնել բոլորին հարուստ քաղաքների աղքատ խնդիրների մասին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ