Հյուրանոց Կոյուղու Խողովակներում, Լինց, Ավստրիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ավստրիա

Իսկ ես կարծում էի, թե մարդկությունն անվերջ ձգտում է կատարելության: Ամեն դեպքում, այսպիսի խողովակներում գիշերելը հիմնավորվում է կամ կարիքից դրդված լինելով, քանի որ այստեղ վճարումը գործում է «որքան ուզում ես» համակարգով, կամ զուտ հետաքրքրությամբ պայմանավորված, արկածներ որոնելու մղումով: Առաջին դեպքում, դրանք այն մարդիկ են, որոնք չեն կարող իրենց թույլ տալ լրացուցիչ շքեղություն, իսկ երկրորդ դեպքում, ընդհակառակը, «թագավորներ», ովքեր կրում են դերվիշի հագուստներ՝ հասկանալու, թե ինչպես են ապրում հասարակ մարդիկ: Դե, եթե դուք կյանքում փորձել եք ամեն ինչի լավագույնն ու կատարյալը, հոգնել 5 աստղանի հյուրանոցներից, կարող եք փորձել նաև այս «հարմարավետ» խենթությունը, որտեղ դուք կզգաք ձեզ ինչպես մի աբորիգեն ցեղի մասնիկ՝ քամու հոսանքով նետված նախնադարյան ժամանակաշրջան: Այո, շփոթվել պետք չէ, այստեղ ոչ մի հարմարություն չկա. ո՛չ զուգարան, ո՛չ բաղնիք, ո՛չ խորտկարան: Ոչինչ, բացի մաքուր սպիտակեղենով լայն մահճակալից, վարդակից և լուսամփոփից: Իսկ ավստրիացի ճարտարապետ Անդրեաս Շտրաուսը ոգևորությամբ ավելացնում է, որ բոլոր հարմարությունները մոտակայքում են: Անհավանական է, բայց փաստ, որ այսպիսի համարներում մնալ ցանկացողների բավական մեծ հերթ է գոյանում: Ուստի, մոտ ապագայում նման «համարներով» հագեցած կլինեն քաղաքի բոլոր այգիները, ինչպես նաև բաց երկնքի տակ ռոք-փառատոններ և այլ միջոցառումներ անցկացնելու վայրերը: Այս խողովակները ակնկալվում են նաև Գերմանիայում՝ Բոտրոբ-Էբել(Bottrop-Ebel) քաղաքում:

Այս ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2004թ.-ին Լինցում, ապա տեղափոխվել է մոտակա Օտենսհայմ(Ottensheim) քաղաք՝ Դանուբ գետի ափամերձ այգի: Ավարտելով արվեստի քոլեջը՝ Անդրեաս Շտրաուսն ուզում էր ստեղծել մի նորաձև հյուրանոց՝բավականին տնտեսելով ծախսերը: Համեստությունից դրդված «նորաձև»-ի կողքին չի ավելացրել նաև «շահավետ» որոշիչը, քանի որ այն ավելի է համապատասխանում իրականությանը, քան առաջինը:

Յուրաքանչյուր մինի-հյուրանոց՝ կոյուղու մեծ խողովակներում զետեղված, ունի 2մ տրամագիծ և կշռում է 9 տոննա: Առաստաղի փոքրիկ պատուհանները օդափոխության համար են:

Մահճակալի գլխի կողմի պատը նկարիչ Թոմաս Լաթցել Օչոայի ձեռքով պատկերազարդվել է վառ ու ժամանակակից ոճով: Դրա շնորհիվ բետոնե խողովակները վեր են ածվել բավականին հարմարավետ բնակելի կացարանների: Մյուս կողմից խողովակը փակվում է ծածկագիր-փականով դռնով: Ըստ նախագծի հեղինակի սենյակները ձայնամեկուսացված են: Հյուրերը հյուրանոցում մնալու համար սովորաբար վճարում են 5-ից մինչև 50 եվրո: Հյուրանոցը գործում է մայիս- հոկտեմբեր ամիսներին: Դուք կարող եք ինտերնետի միջոցով նախօրոք սենյակ պատվիրել, որից հետո կստանաք գաղտնաբառը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am

Photos: www.terra-z.ru


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ