Դադիվանք Վանքային Համալիր, ԼՂՀ (Հայաստան)

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Դադիվանքը (Խութավանքը) Արցախի հնագույն վանքային համալիրն է: Խութավանք անվանումը համալիրը ստացել է բլրակի (խութի) վրա կառուցված լինելու համար: Համաձայն Միխայիլ Ասորու “Ժամանակագրության”, համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է մ.թ. Iդ., Թադևոս առաքյալի աշակերտներից մեկի` Դադեի գերեզմանատեղիում: Գտնվելով Արցախի Վերին Խաչեն գավառում (ներկայիս Քարվաճառ)` Դադիվանքը եղել է նրա մշակութային և կրոնական կենտրոնը: Պատմական աղբյուրներում Դադիվանքի մասին առաջին գրավոր հիշատակումները վերաբերվում են IX դ. 1- ին կեսին: Իր պատմության ընթացքում վանքը մի քանի անգամ ավիրվել է արաբների և սելջուկների ներխուժման ժամանակ, ապա վերակառուցվել:

Համալիրի կոմպոզիցիոն կենտրոնն է Սուրբ Աստվածածին Կաթողիկե տաճարը, որը 1214թ. կառուցել է Վախթանգ իշխանի կինը`Արզուխաթուն թագուհին, ի հիշատակ իր նահատակված ամուսնու և երկու որդիների: Եկեղեցու գմբեթավոր դահլիճում պահպանվել են որմնանկարների հատվածներ: 1224թ. կառուցվել է Սուրբ Գրիգոր ժամատունը, որը դարեր շարունակ ծառայել է որպես Առանշահիկ-Վախթանգյան իշխանների տոհմական տապանատուն:

Համալիրի արևմտյան մասում XIII դ. կեսերին եպիսկոպոս Սարգիսը կառուցել է երկհարկանի զանգակատուն: Զանգակատան երկրորդ հարկի խորշում գտնվում են երկու, նմանը չունեցող բարձրարվեստ խաչքարեր, որոնք կանգնեցվել են այստեղ վանքի առաջնորդ Աթանասի օրոք` 1283թ.: Վանքի հարավ-արևմտյան մասում գտնվում են աշխարհիկ շենքեր, որոնցից ամենադիտարժանը եպիսկոպոս Գրիգորի 1211թ. կառուցած սեղանատունն է :

Խորհուրդային Միության ստեղցումից հետո Դադիվանքը հանձնվել է Ադրբեջանի իշխանություններին: Այն ազատագրվել է 1993թ. մարտի 31-ին Արցախյան ազատագրագական պատերազմի ժամանակ: 1994թ. Դադիվանքը նորից օծվեց: 1999թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները, որոնք մինչև օրս շարունակվում են: 2007թ. հուլիսին պեղումների ժամանակ Դադիվանքում հայտնաբերվեցին Սբ. Դադիի մասունքները:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ