Ձվաձև Շենք, Մումբայ, Հնդկաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հնդկաստան

Ձուն նոր կյանքի սկիզբն է, ինչ-որ բանի արարումը, ծնունդը, և համապատասխանաբար Մումբայի ձվանման շենքը, որ կրում է «Սայբրթեքչր Էգ»անվանումը (Cybertecture Egg) իր առաջ է դնում կյանքի նոր և խելացի մոդել: Մյուս կողմից այն նման է թռչող ափսեի, որը հաջող վայրէջք է կատարել Երկիր մոլորակի վրա՝ իրականացնելու իր հատուկ առաքելությունը: James Law Cybertecture International ընկերությունը Չինաստանի հայտնի ճարտարապետ և դիզայներ Ջեյմս Լոուի գլխավորությամբ նախագծեցին այս ժամանակակից շենքը Vijay Associates (Wadhwa Developers) կառուցապատող կազմակերպության պատվերով: Կառույցը բնութագրվում է ճարտարապետական ոչ ավանդական մեթոդներով. ինտելեկտուալ համակարգերը, նոր համակարգչային տեխնոլոգիաները, մուլտիմեդիան և ինտերակտիվությունը ստեղծում են տպավորիչ, ակնածանք ներշնչող 21-րդ դարի կառույց Մումբայում: 13 հարկանի շենքը զբաղեցնում է 33,000 քմ տարածք, ունի եռահարկ ստորգետնյա 400 տեղանոց ավտոկայանատեղի: Այն բետոնե հիմքով, պողպատյա կառուցվածքով, ապակեպատ շինություն է, որում, փայլուն կառուցվածքային լուծումների շնորհիվ հաջողվել է ստեղծել մի շինություն, որում բացարձակ ոչ մի սյուն գոյություն չունի: Այս ուլտրաժամանակակից շենքն իր 100% ճկունությամբ մարմնավորում է գեղեցկության կատարելությունը, որն ավելի մոտ է բնությանը, միգուցե աստվածայինին, քան ճարտարապետությանը: Ձու-շենքն իր ձևի շնորհիվ 10%-ից մինչև 20% ավելի քիչ տարածք է ընդգրկում, քան որևէ նմանատիպ մեծության շենք: Ճարտարապետությունը շատ բարձր որակով և երկրաչափական բարդությամբ է օժտված, իսկ շենքն էլ տարբերվում է մյուսներից իր եզակիությամբ և ներկայիս նորարարական տեսքով: Սա «լավագույն աշխատավայրն է», և շենքի ներսում կան մի շարք նորարարական համակարգեր, ինչպիսիք են «Cybertecture առողջությունը» և «Cybertecture իրականությունը»: Առաջինը թույլ է տալիս սանհանգույցներում տեղադրված մոնիտորի օգնությամբ կարգավորել, համեմատել և ցուցադրել մարդկանց առողջության վիճակագրության մասին տվյալներ: Այցելուները կարող են պարզել իրենց արյան ճնշումը և քաշը: Եթե նորմերը շեղվել են, տվյալները կուղարկվեն բժշկի: Երկրորդը «բնակիչներին» նաև հնարավորություն է ընձեռում իրականությունը «կարգավորել» իրենց իսկ սիրելի տարբերակով և աշխատանքային գրասենյակի աշխարհը դարձնել յուրովի: Այս ձվաձև շենքն ունի նաև արևային վահանակներ և քամու տուրբիններ՝ վերականգնողական «կանաչ» էներգիայի արտադրության համար: Բացի այդ, հատուկ միջոցներ են ստեղծվել պայքարելու ջերմոցային էֆեկտի դեմ, որը պայմանավորված է ներքին այգիներով, որոնց շնորհիվ բնական միջոցներով կարգավորվում է ջերմաստիճանը, զովանում է շենքը: Ջրամատակարարումն իրականանում է օգտագործված ջրի ֆիլտրացումով, զտմամբ, այնպես որ այն պետք է բավարարի այդ կանաչ տարածությունները ոռոգելու համար: Այս եզակի տեսարժան վայրը Մումբայի նոր բիզնես-կենտրոնի «գոհարն» է և տպավորում է իր կախարդական և ինքնատիպ գեղեցկությամբ:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.arthitectural.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ