Քրենշոու Առանձնատուն, Հիքորի Հիլլզ, Իլլինոյս, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Քրենշոու առանձնատունը կամ ստրուկների տունը կառուցվել է 19րդ դարում Ջոն Քրենշոուի կողմից, ով այդ ժամանակ հարուստ կալվածատեր ու ֆաբրիկանտ էր: Երեք հարկանի այս տունը կառուցված է դասական հունական ոճով, մեծ սյուները պատրաստված են սոճու ամբողջական կտորներից: Երկրորդ հարկի պատշգամբից Քրենշոուն հետևում էր իր լայնատարած կալվածքներին: Ներսից տունը զարդարված էր աշխարհահռչակ վարպետների գործերի բնօրինակներով: Տասներեք սենյակներից յուրաքանչյուրում կար բուխարի:

19րդ դարում Իլլինոյիս նահանգում արգելված էր ստրուկների աշխատանքն օգտագործել: Շուտով նահանգում հայտնաբերվեցին աղի հանքեր, ու պարզվեց, որ աղը բավականին եկամտաբեր ոլորտ էր: Սակայն աշխատանքն այնքան ծանր էր, որ ինքնակամ այնտեղ գնում էին միայն ամենաթշվառ վիճակում գտնվողները: Հենց այս պատճառով ու բացառապես աղի հանքերում աշխատելու համար կառավարությունը հանեց ստրուկների աշխատանքի արգելքը: 1829թ. որոշվեց վաճառել հանքավայրերը և դրանց փոխարեն կառուցել բանտ: Ջոն Քրենշոուն գնեց հանքերի մեծամասնությունն ու դարձավ նահանգի ամենահարուստ ու ամենահեղինակավոր դեմքերից մեկը: Խոսում էին, որ նա փախցնում էր սևամորթ ստրուկների, կապում էր նրանց ու պահում վերնահարկում: Որոշ ժամանակ անց լուրեր սկսեցին պտտվել, որ առանձնատանն ապրում են մահացած ստրուկների հոգիները ու գիշերները պտտվում են տնով, օգնության են կանչում:

1864թ. Քրենշոուն վաճառեց առանձնատունն անհայտ գնորդի ու լքեց Իլլինոյիսը: 1906թ. առանձնատունը գնեց Սիսկերի ընտանիքը, իսկ 1926թ.-ից նրանք սկսեցին գումար գանձել տունն այցելելու համար: Շատերն են փորձել գիշերն անցկացնել առանձնատանը, սակայն նույնիսկ ամենաքաջերը չէին կարողանում լուսաբացը դիմավորել այնտեղ: Միակ մարդն ում դա հաջողվեց լրագրող Դևիդ Ռոջերսն էր, ով նյութ էր պատրաստում Հելլոուինի համար: Առավոտյան նա պատմեց այն բոլոր տարօրինակությունների մասին, որ տեսել էր գիշերը. լացող կանանց ու երեխաների ուրվականներ, որ քայլում էին տնով ու օգնություն խնդրում, շղթաների ձայներ: 1996թ. կառավարությունը որոշում ընդունեց փակվել տունն այցելուների համար ու “պահպանել այն, որպես ԱՄՆ պատմության մի մասնիկ”:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.biulding.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ