Կոմմերցբանկի Գլխավոր Գրասենյակ, Գերմանիա
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԿոմմերցբանկի Գլխավոր Գրասենյակ, Ֆրանկֆուրտ, Գերմանիա
«Կոմմերցբանկ»-ի գլխավոր գրասենյակը (Commerzbank Headquarters)` ամենաբարձրահարկ շենքը Գերմանիայում և երկրորդ ամենաբարձրահարկ շենքը Եվրոմիությունում (2012 թվ. դրությամբ), կառուցվել է «Ֆոսթըր ընդ Փարթնըրզ» (Foster and Partners) ընկերության նախագծով: Շինարարական աշխատանքները սկսվել են 1994 թվականին և ավարտվել 1997-ին: Աշխարհահռչակ էկոլոգիապես մաքուր աշտարակի հատակների ընդհանուր մակերեսը 109,200 քառակուսի մետր է: Շինության ամենակարևոր «կանաչ» առանձնահատկությունը այսպես կոչված քառահարկ երկնային ձմեռային այգին է: Այն գտնվում է ատրիումում, որը բացվում է շենքի հավասարակողմ եռանկյունու կողմերից մեկի վրա: Շնորհիվ մեծ քանակով բաց տարածությունների, կարգավորվող պատուհանների, օդանցքների ու արտաքին ապակեպատման` շինությունն ըստ էության միշտ ողողված է բնական լույսով: 1997 թվականին կառույցի արժեքը կազմել է 600 մլն գերմանական մարկ: Շենքն ունի 259 մետր բարձրություն, իսկ մինչև ալեհավաքի շիվի գագաթը՝ 300 մետր: Կոմմերցբանկը հիմնականում կառուցված է բետոնից ու պողպատից, մեգա-սյուների կարկասի հիմքի վրա: 2009 թվականին Կոմմերցբանկի գլխավոր գրասենյակն արժանացել է «Կանաչ շենք» մրցանակի (Green Building Award):
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.fosterandpartners.com