Կոլումբոսի Փարոսը, Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Դոմինիկյան Հանրապետություն

Յուրաքանչյուր գիշեր կարող եք հիանալ Սանտո-Դոմինգոյի «սպիտակ գիշերներով», բայց դա ոչ թե բևեռային գիշերների հետևանք է, այլ Կոլումբոսի Փարոսի (Իսպ.՝ Faro a Colón) կախարդական լուսավորության, որը իր 157 լուսարձակներով սպիտակեցնում է երկինքը: Կոլումբոսի Փարոսը՝ 210մ երկարությամբ և 59մ լայնությամբ խաչաձև հուշահամալիր է, որը խորհրդանշում է քրիստոնեությունը և Անտիլյան կղզիների ամենահին ու ամենամեծ քաղաքը՝ Սանտո-Դոմինգոն: Երբ գալիս է գիշերը, իսկական հրաշք է տեղի ունենում. երկնակամարում ուրվագծվում է հսկա լուսարձակող խաչը՝ քրիստոնեության սուրբ խորհրդանիշը: Մոխրագույն գրանիտե և բետոնե այս հոյակերտ հուշարձանը նվիրված է Քրիստափոր Կոլումբոսի հիշատակին: Հուշահամալիրի միջին մասում՝ խաչաձև կառույցի կենտրոնում, գտնվում է սպիտակ մարմարից կառուցված Կոլումբոսի դամբարանը, իսկ մնացած տարածքները ծառայում են որպես թանգարան, որտեղ ցուցադրված են պատմական ցուցանմուշներ՝ Ամերիկայի բոլոր երկրներից, ինչպես նաև եվրոպական և ասիական շատ երկրներից: Նմանատիպ փարոսի գաղափարն առաջին անգամ առաջարկել է դոմինիկյան գրող և պատմաբան Դոն Անտոնիո դել Մոնտե Տեխադան, 1852 թվականին Հավանայում տպագրված «Սանտո Դոմինգոի պատմությունը» գրքում: Գաղափարն աջակցություն ստացավ 1923 թվականին Չիլիում կայացած 5-րդ Միջազգային կոնֆերանսի ժամանակ, որտեղ բոլոր պետությունների կողմից ընդունվեց կառույցի շինարարությանն աջակցելու գաղափարը: Հայտարարված մրցույթին մասնակցեցին 455 ճարտարապետներ՝ 48 երկրներից: 1931-ին մրցույթի հաղթող ճանաչվեց շոտլանադացի ճարտարապետ Ջոզեֆ Լ. Գլիվի նախագիծը: Շինարարությունը սկսվեց 1948 թվականին, սակայն երկրում աճող անկայունությունը և քաղաքական իրավիճակը դադարեցրեցին շինարարությունն ընդհուպ մինչև 1986 թվականը: Հուշահամալիրի շինարարությունը վերսկսվեց 1986-ին դոմինիկյան ճարտարապետ Թեոֆիլո Կարբոնելի ղեկավարությամբ, ավարտվեց 1992 թ.-ին և արժեցավ $70 մլն:

Սանտո-Դոմինգո քաղաքը հիմնադրվել է 1496թ.-ին Բարտոլոմեո Կոլումբոսի կողմից և գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.holidaycheck.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ