Կոլեգիում Մայուս, Կրակով, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան1400 թվականին Լեհաստանի թագավոր Վլադիսլավ II Յագայլոն որոշեց Յագելոնյան համալսարանին նոր շենք հատկացնել այն միջոցների հաշվին, որոնք նրան ժառանգություն էին հասել իր հանգուցյալ կին Յադվիգայից։ Այս շենքը, որը բազմիցս վերանորոգվել և վերակառուցվել է, այժմ էլ կանգնած է Յագելոնյան և Սբ. Աննա փողոցների անկյունում։ 15-րդ դարի կեսերին շենքը ստացավ Կոլեգիում Մայուս անվանումը (լատ.՝ Collegium Maius), որը լատիներենից թարգմանաբար նշանակում է Փառահեղ քոլեջ։ Այժմ Կոլեգիում Մայուսը Լեհաստանի ամենահին համալսարանական շենքն է։
15-րդ հարյուրամյակի վերջին շենքը վերակառուցվել է գոթական ոճով։ Ներքին բակը զարդարված է կամարաշարքերով։ 19-րդ դարում շենքը վերանորոգվել է նեոգոթական ոճով։ Շենքի բակում գտնվում է ջրհոր, ինչպես նաև պարտեզ, որը մի քանի դար առաջ ծառայում էր որպես բանջարանոց` պրոֆեսորների խոհանոցի համար։ Շենքը կառուցված է քարից և աղյուսից։
Մինչև 19-րդ դարը շենքում կային լսարաններ, ինչպես նաև պրոֆեսորների համար բնակելի սենյակներ։ 19-րդ դարում շենքում տեղավորվել էր համալսարանի գրադարանը, իսկ անցած դարի 30-ական թվականներին այն վերածվել է թանգարանի, որտեղ ցուցադրվում են կապված համալսարանի պատմության հետ զանազան ցուցանմուշներ, հետաքրքիր գիտական գործիքներ և այլն։
Շենքի ներսում հատկապես տպավորում է ռենեսանս ոճով առաստաղով դահլիճը, որտեղ ցուցադրված են լեհական թագավորների, հայտնի լեհերի, ինչպես նաև համալսարանի ռեկտորների դիմանկարներ։ Շենքի ներսում կարելի է գտնել զանազան հետաքրքրաշարժ իրեր՝ Օսկարից մինչև աստղագիտական գործիքներ, որոնցից օգտվել է ինքը` Կոպեռնիկոսը (նա եղել է Յագելոնյան համալսարանի ուսանող)։ Այստեղ կարելի է նաև գտնել աշխարհի ամենահին գլոբուսը, որի վրա պատկերված է Ամերիկան և հրաշալի ալքիմիական լաբորատորիա։
Ներկայումս շենքում կարելի է գտնել նիստերի դահլիճ, սրճարան, հուշանվերների խանութ և ցուցահանդեսների դահլիճ։ Շենքն այնքան ուշագրավ է, որ այստեղ հասցրել են լինել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը, Ճապոնիայի կայսրը և կայսրուհին, այլ նշանավոր մարդիկ։
Այս շենքը, իր հնագույն և հանելուկային մթնոլորտի շնորհիվ, այցելուներին տեղափոխում է ալքիմիայի և միջնադարյան գիտության հիասքանչ աշխարհը։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am