Մահուդե Շարքեր, Կրակով, Լեհաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան

Կրակովի կարևոր ճարտարապետական խորհրդանիշերից մեկը՝ Մահուդե շարքերը (Sukiennice, Cloth Hall, Суконные Ряды), գտնվում է Շուկայական հրապարակում՝ Լեհաստանի նախկին մայրաքաղաքի Հին քաղաքի կենտրոնում։ Մահուդե շարքերի շենքը, ինչպեսև Կրակովի ողջ Հին քաղաքը, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հուշարձանների ցուցակում։

Դեռևս 13-րդ դարի կեսին այժմյան շենքի տեղում կառուցվել էին առևտրի տաղավարներ, որոնք անցած յոթ դարերի ընթացքում բազմիցս վերակառուցվել են։ Սկզբնապես Մահուդե շարքերը իրենցից ներկայացնում էին առևտրի երկշարք տաղավարներ, որոնք հետագայում ծածկի տակ առնվեցին։ Հետագայում, բազմաթիվ փոփոխությունների շնորհիվ շենքը չափազանց փոխվեց՝ վերածվելով գեղեցիկ ճարտարապետական հուշարձանի։ 1555 թվականին Մահուդե շարքերը խիստ տուժեցին հրդեհից, ինչից հետո շենքն ամբողջովին վերակառուցվեց ռենեսանս ոճով։ Հենց 1556-1559թթ., ինչպես նաև 1875-1879թթ. վերակառուցումների շնորհիվ շենքը ստացավ իր ժամանակակից, գրավիչ ձևը։

Այժմ այն երկհարկ շենք է։ Առաջին հարկում պատերի երկայնքով կառուցված են առևտրի տաղավարներ։ Առաջին հարկը ավելի լայնարձակ է, քան երկրորդը։ Այն զարդարված է կամարաշարքերով։ Շենքը զարդարում են ռիզալիտները, որոնց վրա տեղադրված են մասկարոններ։ Այդ մասկարոնները՝ Կրակովի նախկին ղեկավարների երգիծական պատկերներն են։ Կաթնագույն շենքի կենտրոնով՝ երկրորդ հարկի պատուհանների մակարդակով, անցնում է մուգ կարմրավուն գիծ, որը շենքին հաղորդում է ավելի նրբագեղ տեսք, դարձնելով այն ավելի դիտարժան։

Ներկայումս շենքի առաջին հարկում գտնվում են հուշանվերների տաղավարներ, որտեղ վաճառվում են ձեռքի աշխատանքներ։ Երկրորդ հարկում գտնվում է լեհական գեղանկարչության պատկերասրահը, որը ներառված է Լեհաստանի ազգային թանգարանի կազմում։ Այստեղ ցուցադրվում են այնպիսի հայտնի լեհ նկարիչների գեղանկարներ, ինչպիսիք են Յան Մատեյկոն և Հենրիկ Սեմիրադսկին։

Մահուդե շարքերում նախկինում անց էին կացվում պարահանդեսներ և հանդիսություններ։ Իր գոյության բազում դարերի ընթացքում այս շենքը ընդունել է բազմաթիվ ազնվականների և պաշտոնյաների։ Այժմ էլ այդ ավանդույթը շարունակվում է. վերջին տարիներին այս վայրն այցելել է Ուելսի արքայազն Չարլզը, ինչպես նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն։

Մահուդե շարքերը, մինչ 20-րդ դարը, Կրակովի առևտրի գլխավոր կենտրոնն էր համարվում։ Համաձայն քաղաքի բնակիչների կարծիքի, Մահուդե շարքերը աշխարհում առևտրի ամենահին կենտրոնն է հանդիսանում։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ