Սիթի Սենթըր, Լաս Վեգաս, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԼաս Վեգասի «Սիթի Սենթրը» (թարգ. քաղաքի կենտրոն), որը խոշորագույն LEED նախագծերից է աշխարհում, զբաղեցնում է մոտ 1,6 միլլիոն քառակուսի մետր տարածք և համարվում է ամենամեծ կայուն համայնքներից մեկը: Մի շարք աշտարակներից, խաղատներից ու հյուրանոցներից բաղկացած համալիրի նախագծման և զարգացման աշխատանքներում ներառված էին այնպիսի աշխարհահռչակ ճարտարապետական ընկերություններ, ինչպիսիք են «Ֆոսթեր և Փարթնըրս» (Foster+Partners), «Քոն Փեդերսոն Ֆոքս» (Kohn Pederson Fox), «Փելլի Քլարք Փելլի» (Pelli Clarke Pelli), և այլն: Նախագծի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել երկու ընկերություն` «Թիշման Քոնսթրաքշընը» (Tishman Construction) և «Փերինի շինարարարական ընկերությունը» (Perini Building Company): Ապշեցնող գեղեցկությամբ համալիրի նախագծային աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ի ամենահայտնի` «Գենսլեր» (Gensler, հանդես է եկել որպես գլխավոր ճարտարապետ) ճարտարապետական ընկերության կողմից: Նախագծի գլխավոր հատակագիծը մշակվել է «Էհրենկրանց, Էքշտուտ և Կուն Արքիթեքթս» (Ehrenkrantz, Eckstut& Kuhn Architects) ընկերության կողմից: Համալիրի կարևորագույն էկոլոգիապես մաքուր գործոններից են ջրի խնայման մեխանիզմները, որոնց շնորհիվ հաջողվում է 30-43%-ով խնայել ջուրը շենքի ներսում և 60%-ով` շրջակա կանաչ տարածությունները ոռոգելու համար, ինչպես նաև վերամշակման լայնամասշտաբ համակարգը (շինարարական աշխատանքների ընթացքում վերամշակվել է 260,000 տոննա շինարարարական թափոն) և էներգիա խնայող մեթոդները: Հսկայական քաղաքային համալիրը բացվել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին: «Սիթի Սենթրը» ներառում է մի շարք հայտնի հյուրանոցներ և հանգստավայրեր, որոնցից են Վիր աշտարակը (Veer Tower – բնակարանային աշտարակ), ԱՐԻԱ-ն (ARIA – 61-հարկանի հանգստավայր), Վդարա հյուրանոցն ու Սպա կենտրոնը (Vdara Hotel and Spa), Մանդարին Օրիենթալը (Mandarin Oriental – 47-հարկանի հյուրանոց), Հարմոն հյուրանոցը (Harmon Hotel) և այլն: «Սիթի Սենթրը» արժանացել է վեց LEED Ոսկե հավաստագրման` հյուրանոցների և բնակելի շինությունների համար: Համալիրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 9 միլիարդ դոլար:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am