Սուրբ Հովհաննես Եկեղեցի, Մաստարա, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Ըստ ավանդության, այստեղ են թաղված Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները, որոնք Կեսարիայից Մաստարա է բերել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից էլ գալիս է գյուղի և եկեղեցու անվանումը`«մաս» (մասունք բառից) «տարա»: Եկեղեցու հարավ և արևմտյան պատերին պահպանված արձանագրությունն ասում է, որ այն կառուցել է Գրիգոր վանականը VII դարում, Թեոդորոս Գնունյանց եպիսկոպոսի օրոք: Պատմության մեջ այդ եպիսկոպոսը հիշատակվում է որպես 645թ. Դվինում կայացած եկեղեցական ժողովի մասնակից: Սակայն եկեղեցու ճարտարապետական ոճը ենթադրում է, որ այն կառուցվել է ավելի վաղ` V դարում, իսկ VII դարում` վերակառուցվել: Այդ մասին վկայում են եկեղեցու ներսում պահպանված վերակառուցման հետքերը: Տարեթվերի շփոթության պատճառը, հավանաբար, «շինել» բառի սխալ մեկնաբանումն է: Պատմական աղբյուրներում այն օգտագործվում է ինչպես «կառուցել», այնպես էլ «վերակառուցել» իմաստով:

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին իր պատմության ընթացքում ևս մի քանի անգամ վերակառուցման է ենթարկվել: 891թ. Արտավազդ քահանայի որդի Սարգիսը վերանորոգեց եկեղեցու հարավային մուտքը: XVIII դարում եկեղեցին պարսպապատվեց և դարձավ ամրոց, սակայն 1889 թ. եկեղեցու պարիսպը քանդվեց և գյուղի քահանայի կարգադրությամբ սկսվեցին վերականգնողական աշխատանքները:

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճարտարապետական ոճը լուսաբանում է անցումային շրջանը, երբ պարզ եկեղեցական հորինվածքն իր տեղը զիջում է ավելի բարդ կառույցների: Այս խաչաձև գմբեթավոր եկեղեցին տրոմպների վրա տեղադրված հսկայական գմբեթ ունի (տրամագիծը - 11,2 մ.): Համաձայն միջնադարյան ճարտարապետության կանոններին, եկեղեցու պատերը գրեթե զրկված են որևէ հարդարանքից:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ