Սուրբ Օլգայի և Ելիզավետայի Եկեղեցի, Ուկրաինա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՈւկրաինաՍուրբ Օլգայի և Ելիզավետայի Եկեղեցի, Լվով, Ուկրաինա
Ցանկացած կառույց ունի իր յուրահատուկ պատմությունը և շատ հաճախ այդ պատմությունը լի է տխուր էջերով: Սուրբ Օլգայի և Ելիզավետայի եկեղեցու պատմությունը (նախնական անվանումը` Սուրբ Էլժբետայի եկեղեցի) հագեցած է դժբախտ իրադարձություններով: Եկեղեցին կառուցվել է 1903-1911 թվականներին` ի հիշատակ 1898 թվականին սպանված կայսրուհի Ելիզավետա ֆոն Հաբսբուրգին: Կառուցման ավարտից ընդամենը մի քանի տարի անց` Առաջին աշխարհամարտի տարիներին, եկեղեցու զանգերը առգրավվեցին և ռազմական կարիքների նպատակով վերաձուլվեցին ավստրո-հունգարական կառավարության կողմից: Մեկ-երկու տարի անց լեհ-ուկրաինական պատերազմի տարիներին եկեղեցին զգալիորեն վնասվեց, իսկ Երկրորդ աշխարհամարտը սարսափելի վնասվածքներ հասցրեց եկեղեցու աշտարակներին և պատերին: 1946 թվականին եկեղեցին փակվեց, իսկ 70-ականներին Խորհրդային իշխանությունների կողմից վերածվեց պահեստի: Միայն 1991 թ-ին տաճարը վերաբացվեց և վերանվանվեց Սուրբ Օլգայի և Ելիզավետայի եկեղեցու: Այսօր այն Ուկրաինայի հույն-կաթոլիկ եկեղեցու վերահսկողության տակ է, և չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է հիացնել այցելուներին իր ասկետիկ գեղեցկությամբ:
Եկեղեցու ճարտարապետական պլանի հեղինակը Թեոդոր Տալևսկին է: Շենքը կառուցված է նեոգոթիկ ճարտարապետության լավագույն ավանդույթներով, որին բնորոշ են սրածայր բարձր աշտարակները: Սուրբ Էլժբետայի եկեղեցու բարձրությունը 85 մետր է կազմում: Շենքն ունի սրածայր աշտարակներ, կամարաձև պատուհաններ, կիսակլոր երկաստիճան աբսիդ: Արտաքինից շենքը մուգ երանգ ունի` կարևորագույն հատվածների շուրջ սպիտակ քարից երեսպատմամբ:
Շենքի գլխավոր ճակատը զարդարում է Պետրո Վոյտովիչի կողմից ստեղծված քանդակը` «Հիսուսի խաչելությունը` Հովհաննեսի և Մարիամի ներկայությամբ»: Ներսից շենքը ունի պարզ, անգամ ասկետիկ տեսք` սպիտակ պատերով, փայլուն քարե հատակով, ներքին հարդարանքի գրեթե ամբողջական բացակայությամբ: Եկեղեցու ներսում առանձնահատուկ ուշադրություն է գրավում վիթխարի երաժշտական օրգանը, որը ստեղծել են հայտնի Բերնացկի եղբայրները:
Եկեղեցին Կրոպիվնիցկովո հրապարակի վրա է գտնվում: Այս վայրը պատահական չի ընտրվել: Անգամ այսօր, չնայած անցյալ դարի բոլոր դժվարություններին, եկեղեցին առաջինն է ողջունում երկաթուղով քաղաք այցելող բոլոր զբոսաշրջիկներին:
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.commons.wikimedia.org

Դիրքը Քարտեզի Վրա