Կույս Մարիամի Տաճարը Տինի Առջև, Պրահա, Չեխիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չեխիա

Այս գեղեցիկ եկեղեցին, որ զարդարում է Ստարոմեստյան հրապարակը Պրահայում, կառուցվել է երկու երկար հարյուրամյակների ընթացքում՝ սկսած 14-րդ դարից մինչև 16-ի սկիզբը։ Կույս Մարիամի տաճարը Տինի առջև (Kostel Panny Marie před Týnem) կամ Տինյան տաճարն իր անունն ստացել է «տին» բառից, որը նշանակում էր օտարականների իջևանատեղի։ Հավանաբար այս անվանումն առաջացել է այն պատճառով, որ անցյալում եկեղեցու կողքին օտարերկրացի վաճառականների համար նախատեսված հիվանդանոց էր գտնվում։ Դեռ 11-րդ դարում Տինյան եկեղեցու վայրում կառուցվել էր մի ոչ մեծ եկեղեցի, որը 13-րդ դարում ձևափոխել էին վաղ գոթիկայի ոճով, իսկ մեկ հարյուրամյակ անց այն քանդել էին և նույն վայրում հիմնել այժմյան Տինյան եկեղեցին։

Այն բանի մասին, թե ով է կառուցել եկեղեցին, այսօր կարելի է միայն ենթադրություն անել։ Հիմքեր կան եզրակացնելու, որ կառույցի շինարարության վրա աշխատել է Պյոտր Պարլերը։ Տինյան եկեղեցու շինարարությանը Պարլերի մասնակցության մասին վկայում է շենքի առաջնային մասում 28 մետրանոց լուսամուտի ժանյակե զարդարանքը։

Մինչև շինարարության ավարտը երկրում սկսվեցին հուզումներ։ Եկեղեցին ժամանակավորապես հայտնվեց հուսիտների (չեխական ռեֆորմիստական հեղափոխական կրոնական շարժում) իշխանության տակ։ Փայտը, որ նախատեսված էր եկեղեցու տանիքը կառուցելու համար, 1437 թվականին օգտագործեցին հուսիտների վերջին ռազմական առաջնորդի ու նրա մերձավորների համար կախաղաններ կառուցելու նպատակով։ Հետագայում տանիքը սարքելու համար օգտագործվեց այն փայտը, որը նախատեսված էր թագավոր Լադիսլավ Պոստումի (թագավորը վախճանվել էր սեփական հարսանիքի նախօրեին) հարսանիքի համար տոնական ամբիոններ կառուցելու համար։ 1679 թվականին եկեղեցին տուժել է կայծակի հարվածից բռնկված հրդեհից։ Հրդեհին հաջորդած վերանորոգման արդյունքում տաճարի դեկորացիաներին ավելացվել են բարոկկոյի տարրեր։

Տինյան եկեղեցին եռանավ բազիլիկ է, որը հեռվից հրապուրում է իր գոթական գեղեցկությամբ։ Այն նրբագեղ կառույց է՝ երկու համարյա միանման աշտարակներով։ Չնայած նրանց արտաքին նմանությանը՝ աշտարակների լայնքը և բարձրությունը տարբեր են։ Դրանց բարձրությունը մոտավորապես 80 մետր է։ Հարավային աշտարակը մեկ մետրով բարձր է հյուսիսայինից և մարմնավորում է Ադամին, իսկ հյուսիսայինը՝ Եվային։ Աշտարակները ավարտվում են սրածայր ծայրաձողերով, որոնք չորս կողմերից զարդարված են միանման փոքրիկ ծայրաձողերով։ Եկեղեցին ունի 19 խորան։ Տինյան տաճարում է գտնվում ամենահին երգեհոնը Պրահայում։ Երգեհոնը ստեղծվել է ավելի քան երեքուկես հարյուրամյակ առաջ, հայտնի գերմանացի վարպետ Մունդտի ձեռքերով։

Տինյան եկեղեցին, որ մինչ մեր օրերը պահպանել է միջնադարի ոգին, իրավամբ համարվում է Պրահայի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ