Չիլինգհեմ Ամրոց, Նորթումբերլանդ, Մեծ Բրիտանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ ԲրիտանիաՉիլինգհեմ ամրոցում (Chillingham Castle) հավաքված են գրեթե բոլոր հնարավոր ուրվականները և մեկը մյուսից վախենալու պատմությունները: Բայց սկսենք ամրոցի պատմությունից: Շենքը կառուցվել է 12 դարում, բայց ի սկզբանե կար միայն դիտման աշտարակը: Ամրոցն ուներ ռազմավարական նշանակություն. պաշտպանում էր Անգլիայի և Շոտլանդիայի սահմանները: Երբ 1567թ. անգլիական և շոտլանդական գահը ժառանգեց Ջեյմս VI արքան, իրավիճակը երկու երկրների միջև մեղմացավ, և ամրոցը կորցրեց ռազմակետի իր դերը: Շենքը շրջապատող խրամատը ծածկվեց հողով, կառուցվեց գրադարան և հանդիսությունների սրահ: 18-19դդ. տնկվեցին այգիները: Սակայն Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ամրոցը բավականին վնասներ կրեց ու գրեթե քանդվեց: Վերականգնողական աշխատանքներ անցկացվեցին միայն 1980-ական թթ.:
Այժմ անցնենք ուրվականներին: Սկսենք «Կապույտ տղայից». ըստ լեգենդի 1920ական թթ. ամրոցի պատերից մեկում փոքրիկ տղա է «թաղվել»: Եվ իրոք, վերանորոգման ընթացքում աշխատողները պատերից մեկի ետևում հայտնաբերեցին փոքրիկ տղայի կմախք, որի մատների ոսկորները մաշված էին: Պատի վրա էլ հայտնաբերվեցին եղունգների հետքեր… Եվ հիմա փոքրիկ տղայի ուրվականը կապույտ հագուստով շրջում է տնով, լացում և օգնություն է խնդրում:
Տիկին Մերի Բերքլիի դիմանկարի կողքով անցնելիս տղամարդկանց խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել: Այն բանից հետո, երբ նրա սիրեցյալը լքեց իրեն ու փախավ նրա հարազատ քրոջ հետ, նա ամեն գիշեր դուրս է գալիս նկարից և գնում է տղամարդկանց «որսի»: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահում, երբ տիկին Բերքլին բռնում է նրանց: Մեկ այլ կին, որ շրջում է տնով Սպիտակ Տիկինն է: Նա հետևում է այցելուներին ու նրանցից ջուր խնդրում: Դա մի երիտասարդ և գեղեցիկ կնոջ ուրվական է, որ ժամանակին ապրել է ամրոցում: Նա այնքան գեղեցիկ էր, որ բարեկամները նախանձում էին և տարիներ շարունակ դանդաղ սպանում էին նրան ջրազրկում առաջացնող թույնով: Մինչ օրս նա հանգիստ չի գտնում:
Իսկ գրադարան մտնելիս, խնդրում եմ զգույշ եղեք, որպեսզի չխանգարեք երկու հարգարժան պարոնների զրույցը, որը նրանք օր ու գիշեր չեն դադարեցնում: Պարզ չէ, թե ինչի մասին են նրանք վիճում, սակայն ակնհայտ է, որ դա ինչ-որ լուրջ պատճառ է, եթե այսքան դարերի ընթացքում նրանք դեռ համաձայնության չեն եկել:
Տարբեր ժամանակներ այս ամրոցի մի մասը օգտագործվել է որպես մարդկանց՝ անմեղների և հանցագործների բանտարկման և տանջաքննությունների վայր, որտեղ օգտագործվել են խոշտանգումների անմարդկային գործիքներ:
Ահա և Չիլլինգհեմ ամրոցը` մի քիչ տարօրինակ, մի քիչ սարսափելի, որ բաց է այցելուների առջև ամեն օր 1200 - 1700: Բացի այդ, քաջասիրտ այցելուները կարող են սպասել մինչ գիշեր և մասնակցել գիշերային հատուկ շրջագայության, այս բոլոր ուրվականների հետ մոտիկից շփվելու համար:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Photos: www.phenomenalplace.com