Չեհել Սոթուն Պալատ, Սպահան, Իրան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԻրանԻրանի բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների մեջ յուրօրինակ գրավչությամբ առանձնանում է Չեհել Սոթուն պալատը (Քառասուն սյուների պալատ), որը գտնվում է Իրանի նախկին մայրաքաղաքներից մեկում՝ Սպահան քաղաքում: Պալատը գտնվում է լայնարձակ այգու մեջ, որը, համաձայն առասպելի, հիմնվել է 17-րդ դարի սկզբում՝ Շահ Աբբաս Առաջինի օրոք (թագ. 1588-1629 թթ.): Համաձայն որոշ պատմական աղբյուրների՝ պալատի ճարտարապետական պլանը գծել է հենց ինքը՝ Աբբաս I-ը, սակայն գիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ պալատի միայն մի մասն է կառուցվել նրա օրոք, իսկ պալատի հիմնական շինությունները կառուցվել են արդեն Շահ Աբբաս Երկրորդի օրոք (թագ. 1642 – 1666 թթ.): Աբբաս II-ի օրոք է կառուցվել պալատի արևելյան ճակատը, որը հենված է 20 սյուների վրա: Ճակատամուտքից արևելք գտնվում է ուղղանկյունաձև ավազանը, որի մեջ արտացոլվող սյուները կրկնակի ավելի շատ են երևում: Այստեղից էլ պալատը ստացել է իր երկրորդ՝ Քառասուն Սյուների պալատ անվանումը: Այս սյուները կարևոր են ոչ միայն պալատի անվանման պատճառով, այլ նաև՝ որպես 17-րդ դարի իրանական ճարտարապետության վրա Աքեմենյան (Պարսկական դինաստիա, որը թագավորել է մ.թ.ա. 558-330 թթ) ճարտարապետության ազդեցության վկայական:
Չեհել Սոթուն պալատը նախատեսված էր արտասահմանյան դեսպաններին և բարձրաստիճան պաշտոնյաններին ընդունելու համար: Պալատի կենտրոնական մասում գտնվում է ընդարձակ ընդունելությունների սրահը՝ գմբեթաձև տանիքով: Այս սրահի տանիքը կառուցված է Սասանյան արքայատոհմի (224-651 թթ.) պալատների տանիքների ճարտարապետական ոճով:
Պալատի պատերն ու տանիքը ներսից նկարազարդված են իրանական երկու ՝ Սեֆյան (1501-1786 թթ.) և Ղաջարների (1794 -1925 թթ.) արքայատոհմերի պատմությունից վերցված հերոսական դրվագներով: Այս նկարազարդումները նախատեսված էին օտարերկրյա հյուրերին տպավորելու և իրանական գահի հանդեպ հարգանք ներշնչելու համար: Նկարազարդումների մեջ գերակշռում են կարմիրը, կապույտն ու ոսկեգույնը:
18-րդ դարի սկզբին պալատը վնասվել էր հրդեհի պատճառով, սակայն 1870 թ-ին վերականգնվել է: Ներկայումս այս գեղեցիկ պալատը, որն իր մեջ ներառում է Իրանի տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությունից դրվագներ, ծառայում է որպես կերամիկայի և գորգագործության թանգարան:
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am