Կատակոմբեր, Փարիզ, Ֆրանսիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖրանսիաՄահվան կայսրություն, ահա թե ինչպես է անվանվում այս վայրը մուտքի մոտ կախված ցուցանակի վրա: Կատակոմբերը սերտորեն կապված են Ֆրանսիայի պատմության, նրա ստեղծման հետ. հենց այստեղից էին բերվում քարեր, որոնցից հետագայում կառուցվել են Փարիզի շատ նշանավոր շենքեր, այդ թվում Լուվրը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Սեն-Շապելը և այլն: Այդ ժամանակ կատակոմբերը գտնվում էին քաղաքի սահմաններից դուրս, սակայն Փարիզն այնքան արագ էր աճում, որ շուտով կատակոմբերը դարձան քաղաքի մի մասը, իսկ շատ շինություններ կառուցվեցին այդ դատարկությունների վրա:
Ժամանակի ընթացքում կատակոմբերի նշանակությունը փոխվեց. XVIII դարի սկզբում Ֆրանսիայում բարձրացավ մահացության մակարդակը: Ժանտախտի համաճարակը (1418 թ.), Բարդուղիմեոսյան գիշերը (1572 թ.) և այլ նման «իրադարձություններ» իրենց լուման ներդրեցին. գերեզմանոցները «գերլցված» էին: 1785թ. Կառավարական խորհուրդը որոշում ընդունեց Անմեղների գերեզմանոցից մահացածների ոսկորները տեղափոխել Թոմբ Իսուար նախկին քարհանքներ: Թաղման նոր վայրը պետք է կահավորված լիներ քրիստոնեական բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հենց այստեղից էլ սկիզբ առավ քարհանքերում թաղումներ անցկացնելու ավանդույթը:
Ինչքան էլ տարօրինակ է, սակայն այստեղ թաղվում էին նույնիսկ ազնվատոհմիկ մարդիկ` Լյուդովիկոս XIV-ի նախարարներ Ֆուկեն և Կոլբերը, Ռոբեսպիերը, հայտնի հեքիաթագիր Շարլ Պերրոն: Ոչ պաշտոնական տվյալներով այստեղ թաղված է մոտ 6 միլիոն մարդ: Մահացածների ոսկորներով պատվել են կատակոմբերի առաստաղներն ու պատերը, ընդ որում մահացածի սոցիալական ստատուսն այս դեպքում կարևոր չէր. ազնվականի կողքին կարող էր լինել հասարակ մի բանվոր:
Ներգետնյա թանգարանը գտնվում է 20մ խորության վրա: Կամարների վրա մինչ օրս երևում են քարհանքի աշխատանքների հետքերը: Պատերին կարելի է տեսնել «սև շեմը». դա փորված գիծ է, որը ծառայում էր որպես ուղեցույց նախքան էլեկտրականություն անցկացնելը: Թունելները հաղթահարելով` Դուք կհասնեք ընդարձակ սենյակ, որտեղ և իրականացվում էին քարհանքի հիմնական աշխատանքները: Ժամանակին կատակոմբերը զարդարված էին քանդակներով ու զարդապատկերներով, սակայն դրանք չխնայեցին ոչ ժամանակը, և ոչ էլ «սև հնէաբանները»: Կատակոմբերի երկարությունը կազմում է 300 կմ, սակայն այցելուների համար բաց է միայն 2 կմ հատված: 1814թ.-ից կատակոմբերը ևս մի նշանակություն են ստացել. այստեղ սկսել են աճեցնել շամպինյոններ, պահել գարեջուր և գինի, նույնիսկ փոքրիկ սրճարաններ են բացվել էկզոտիկայի սիրահարների համար:
Կատակոմբերի մուտքը գտնվում է Դենֆեր-Ռոշերի հրապարակից և միշտ բաց է այցելուների համար:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.researchingparis.wordpress.com