Թափանցիկ Տներ Ստեֆան Դյումայից, Ֆրանսիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ֆրանսիա

Երևի թե բոլոր Դյումաները պարտադիր արկածայինի մեծ սիրահար պետք է լինեն, համենայն դեպս Ալեքսանդր Դյումայի և Պիեռ Ստեֆան Դյումայի ստեղծագործական ուղիներն այս հանգամանքի վառ ապացույցն են: Առաջինը հավերժացավ գրականության գունեղ գանձերով, իսկ երկրոդը՝ ճարտարապետության և դիզայնի, իր կյանքի կոչող արտառոց նախագծով, այն է՝ թափանցիկ վրանատիպ տուն-փուչիկներով: Իմիջիայլոց, եթե Դու գերին ես ռոմանտիզմի, կամ պարզապես աստղաբույլերը զննելու անհագուրդ ծարավ ունես, սա իսկապես Քեզ համար է: Այս տուն-փուչիկները մարդն ու բնությունը միմյանց մտերմացնելու մեծ վարպետներ են:

Կան գնդաձև օդային վրանների չորս մոդելներ՝ Crystal Bubble, Bubble Room, Bubble Lodge և Bubble Tree: Նրանցից յուրաքանչյուրն օժտված է ժամանակակից հարմարավետություններով՝ աթոռ, սեղան, մահճակալ, լուսամփոփ, իսկ իրենց գրավիչ շքեղությամբ չեն զիջում նույնիսկ 5 աստղանի հյուրանոցի: Այս թափանցիկ փուչիկները կարելի է հեշտությամբ տեղադրել այնտեղ, որտեղ ուզում եք՝ լեռներում, անապատում, ծովափին և նույնիսկ ծառից կախված: Եթե որոշել եք մի անմոռաց օր անցկացնել փչովի շքեղ ամրոցներից մեկում, Ձեզ մոտ ունեցեք $635 ԱՄՆ դոլար:

Ընդամենը մեկ գիշեր Cristal Bubble-ում, և Ձեր բոլոր երազանքները իրականություն կդառնան: Սա ամբողջովին թափանցիկ, անկրկնելի մի տարածք է, որն ընձեռում է բոլոր նախադրյալները հանգստանալու և լիովին վայելելու գիշերվա կախարդական գեղեցկությունը: Bubble Room-ի անթափանց պատերն ապահովում են Ձեր ամբողջական գաղտնիությունը, քանզի միայն աստղերն ու լուսինը կարող են Ձեզ տեսնել և ուրիշ ոչ ոք: Bubble Lodge (Double Bubble) մոդելը երկու փուչիկների համադրություն է և նման է մի առանձնատան: Այն ունի լրացուցիչ տարածք, որը կարող է ծառայել որպես ննջասենյակ կամ բաղնիք: Իսկ երբ Bubble Tree-ում եք գտնվում, Դուք կարծես սուզվում եք հզոր ջունգլիների աշխարհում և թռչուններին բնորոշ ազատությունը վայելում օդում՝ ծառից կախված: Վրանատիպ տուն-փուչիկների առանձնահատկությունն այն է, որ նրանք բոլորն էլ ձյունաթույր են, մաքուր, հանգիստ ու խաղաղ: Պետք է նաև նշել, որ գմբեթն ամբողջությամբ պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Այսպիսով, այս փայլուն ու հեռանկարային դիզայներական մոտեցման առաքելությունն է ցույց տալ աշխարհի գեղեցիկ կողմը: Վայելե՛ք առավել հաճելի ու անմոռանալի պահեր գնդաձև փուչիկ-վրաններում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am

Photos: www.bitrebels.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ