Պղնձյա Պալատ, Անուրադհապուրա, Շրի Լանկա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շրի Լանկա

Պղնձյա պալատը կառուցել է Դուտուգեմունու թագավորը մ.թ.ա 161-137 թթ. ու նվիրել այն Մահասանգա վանականների միաբանությանը: Տանիքը կառուցվել է պղնձից, որտեղից էլ եկել է պալատի անվանումը: Պալատից ոչ այնքան հեռու գտնվում է Մահավիհարա վանականների նվիրատվությունների պալատը. արևմտյան թևում տեղադրված է մոտ 14 մետր երկարությամբ բրնձի տարա, որի մեջ տեղավորվում էր 3000 վանականների սնունդ:

Ինը հարկերից յուրաքանչյուրը նախատեսված էր ինքնաճանաչման տարբեր մակարդակներում գտնվող վանականների համար: Առաջին հարկում ապրում էին նրանք, ովքեր նոր էին բռնել բացահայտման ճանապարհը: Իններորդ հարկում էլ տեղավորվել էին այն վանականները, ովքեր հասել էին ինքնաճանաչման վերջին` Արահաթ աստիճանին: Պալատը հիշատակվում է երկրի հնագույն տարեգրության`Մահավամասայի մեջ. «Հազարավոր սենյակներ էին այստեղ կառուցված` զարդարված թանկարժեք քարերից սյուներով (Մահավամասա՝ «Մեծ տարեգրություն» - պատմական պոեմ, որ պատմում է Շրի Լանկայի արքաների մասին: Գրված է պալի լեզվով: Որպես հեղինակ հիշատակվում է Անուրադհապուրայից Մահանամե վանականը): Իր համար արքան մի վրան էր դրել սենյակի մեջտեղում` զարդարված աստվածների, վագրերի ու առյուծների քանդակներով: Վրանի եզրերով մարգարտյա ցանց էր անցնում, որի ետևում գտնվում էր մարջանից պատրաստած զոհասեղանը» (Գլ. 27): Պղնձյա պալատում դրված էր էբենոսից պատրաստած գահ հախճապակյա նստատեղով. դա Բուդդայի նստելու տեղն էր: Մեջքի վրա պատկերված էր արև՝ ոսկուց, լուսին՝արծաթից և աստղեր՝ մարգարիտներից: Համաձայն տարեգրության պալատն այնքան բարձր էր, որ այն հնարավոր էր տեսնել նույնիսկ ծովից (Հնդկական օվկիանոսը պալատից ավելի քան 109 կմ հեռավորության վրա է):

Շինարարության ավարտից 15 տարի անց պալատում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով ոչնչացան արմավենու ծառից պատրաստած քանդակները: Շենքի հետագա վերակառուցումն ավարտվեց երկու հարկի «կորուստով»: Հետագայում պալատն ենթարկվել է մի շարք փոփոխությունների տարբեր թագավորների օրոք: Դրանցից յուրաքանչյուրի հետևանքով պալատը «զրկվում էր» հարկերի որոշ քանակից: Վերջին վերակառուցումը կատարվեց 12րդ դարում: Այսօր պալատից մնացել է երկու հարկ և 1600 սյուն:

Պալատի պատմությունը չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անցնել այս պարսպապատ տարածքի կողքով: Այստեղով անցնելիս իմ ուշադրությունը գրավեցին երկու կապիկներ, որոնք փախչում էին շների ոհմակից: Այդ ժամանակ միայն ես նկատեցի երկհարկանի շինությունն ու իմացա դրա պատմությունը: Դժվար է պատկերացնել, որ դա հենց այդ Պղնձյա Պալատն է` հազարավոր վանականների ապաստանը: Սա կարծես թե Բուդդայի խոսքերի լավագույն ապացույցն է, որ այս կյանքում ամեն ինչ փոխվում է:

Անուրադհապուրա սուրբ քաղաքը, ներառյալ իր բոլոր պատմական հուշարձանները, գրանցված է UNESCO–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ Նարեկ Բախտամյանի


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ