Բոյանա Եկեղեցի, Սոֆիա, Բուլղարիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Բուլղարիա

Միջնադարյան սրբատեղի Բոյանա ուղղափառ եկեղեցին գտնվում է Վիտոշա լեռան ստորոտում, Սոֆիայի Բոյանա արվարձանում, որի տարածքում հնում գտնվել է Բոյանա անունով գյուղ-ամրոցը: Այս ամրոցը միջնադարում Սոֆիա քաղաքի պաշտպանական համակարգի 35 ամրոցներից մեկն էր հանդիսանում: Եկեղեցին ստացել է ամրոցի անունը, բայց ի սկզբանե տաճարը նվիրված էր Նիկոլայ և Պանտելեյմոն սրբերին:

Բոյանան բաղկացած է երեք, տարբեր ժամանակներում կառուցված շինություններից: Առաջինի կառուցումը վերագրվում է X դարի վերջին, երկրորդինը՝ XIII և վերջին՝ երրորդ թևի կառուցումը, ավարտվել է XIX դարում: Առաջին մասնաշենքն ամենափոքրն է, ունի մեկ գմբեթ: Երկրորդ շենքը գտնվում է առաջինի հարևանությամբ՝ արևմտյան կողմում, այն ավելի մեծ է՝ երկհարկանի: Առաջին հարկում գտնվում է Բուլղարիայի Կալոյան թագավորի և նրա կնոջ՝ Դեսիսլավայի գերեզմանը, իսկ երկրորդ հարկում գտնվում է ընտանեկան մատուռը:

Եկեղեցու արտաքին հարդարանքի գլխավոր տարրը կերամիկական աղյուսներն են: Երրորդ շինությունը գտնվում է արևմտյան մասում և զիջում է իր ճարտարապետական և գեղարվեստական արժեքով:

Առաջին երկու շինություններում կարելի է հանդիպել շուրջ 240 գեղարվեստական հսկայական արժեք ներկայացնող ստեղծագործություն:

Բոյանայի եկեղեցու գեղանկարչական ոճը հարում է Բյուզանդական կայսրության իշխման շրջանին: Հայտնի է, որ կայսրության այս ժամանակաշրջանն աղբյուր դարձավ համաշխարհային մշակութային ինքնության վերագնահատման, ինչպես նաև ուղղափառ աշխարհի գեղարվեստական տեխնիկայի համար: Սակայն, չնայած բյուզանդական արվեստի խորը ազդեցությանը, Բոյանայի որմնանկարները տարբերվում են որոշակի հարթաչափությամբ, ուրվագծայնությամբ և դիմանկարին բնորոշ տարրերով հարուստ պատկերներով:

Որմնանկարներն ու պատկերակները տարբեր ժամանակների աշխատանքներ են, որոնցից շատերը պատկանում է XI-XII դդ., և գտնվում են արևելյան շենքում, իսկ որոշները գտնվում են ավելի նոր աշխատանքների շերտի տակ, որոնք կատարվել են 1259թ-ին: Բոյանի եկեղեցին դարձել է հայտնի շնորհիվ հենց այդ աշխատանքների: Պատկերները կատարված են Տուռնովյան գեղանկարչության դպրոցի ոճով, բայց նկարչի (նկարիչների) անուններն անհայտ են: Կերտվածքները կատարված են խիստ համաձայն կանոնի՝ սահմանված 787թ-ի Յոթերորդ Տիեզերական ժողովի (Նիկիայի Բ եկեղեցական ժողով) կարգով:

Որմնանկարներում ու գեղանկարներում կարելի է տեսնել Քրիստոսի պատկերը, Աստվածածնին և չորս հրեշտակապետերին, սրբերին, տեսարաններ ավետարանից, որոնք բացահայտում են մի շարք կրոնական տոների և արարողություններին խորհուրդը:

Եկեղեցու պատերին կարելի է տեսնել նաև Սբ. Նիկոլայի կյանքից դրվագներ: Ամբողջական պատկերը բաղկացած է 18 տեսարաններից, այն զարդարում է երկրորդ եկեղեցու մուտքը: Պատկերները շատ տարբեր են ժամանակի գեղանկարչական ոճից, հագեցած են հոգևոր խորությամբ, բայց շատ իրատեսական են: Աչքի է զարնում Ավետարանական կերպարների պատկերման ընդունված կարգից շեղումը: Որմնանկարների հերոսները երիտասարդ են, նրանց դեմքերը շատ տարբերվում են միմյանցից: Բացի այդ, «Խորհրդավոր ընթրիքի» մասնակիցների առջև սեղանին շատ ռեալիստիկ պատկերված են՝ կանաչի, սխտոր և սոխ:

Բոյանայի եկեղեցում հայտնաբերվել են նաև ավելի ուշ ժամանակների աշխատանքներ՝ Մարիամ Աստվածածնի հայտնությունը (XIV դար), Սուրբ Նիկոլայի դիմանկարը (XVI-XVII դդ), Նիկոլայ և Պանտիլեյմոն սրբերի հայտնությունը (XIX դար):

Բոյանա ամրոցը այն եզակի պատմական հուշարձաններից է, որում լիարժեք պահպանված է արևելյան Եվրոպայի միջնադարյան ճարտարապետական և մոնումենտալ արվեստի մշակույթային ժառանգությունը: Եկեղեցին, ինչպես նաև ամրոցում գտնվող մի շարք այլ պատմական հուշարձաններ, գրանցված են UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ