Բովուրխանավանք, Ասկերան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Բովուրխանավանք վանքային համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաաղի Ասկերանի շրջանում` Բովուրխան լեռան հյուսիսային լանջին, ծովի մակարդակից 1700 մ. բարձրության վրա:

Վանքի հիմնադիրն էր մելիք Բաղր Շահնազարը (ով նաև խանի տիտղոս ուներ), որն իշխել է Վարանդայում XVII դարի առաջին կեսին: Լեռը, որի վրա գտնվում է վանքը, նույնպես կոչվել է նրա անունով` Բաղրխան: Սակայն հետագայում այն վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, ապա Բովուրխան:

Բովուրխանավանքը միաժամանակ եղել է Վարանդայի մելիքների ամառային նստավայրը: Պատերի բավականին հաստ լինելը, ինչպես նաև պատերի անցքերը վկայում են այն մասին, որ վանքը ծառայել է նաև որպես ամրոց:

Բովուրխանավանք վանքային համալիրը բաղկացած է եկեղեցուց, տնտեսական ու արտադրական շինություններից, շրջապատված պարիսպներով ու աշտարակներով: Վանքի կառույցների մեծ մասը քանդված է: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում գտնվող եկեղեցին: Այն պատկանում է թաղածածկ միանավ բազիլիկների տիպին: Հյուսիսից եկեղեցուն կից է գավիթը:

Արևմտյան մասում գտնվող վանահոր սենյակը առանձին հետաքրքրության է արժանի: Այն միանավ թաղածածկ դահլիճ է, կառուցված չմշակված քարերով:

Կլոր աշտարակով պսակված պարսպապատի արևմտյան մասը նույնպես արժանի է հատուկ ուշադրության: Աշտարակի մեջ կառուցված օվալաձև սենյակը պահպանվել է իր նախնական տեսքով: Արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ խորշեր: Դեպի ներս լայնացող պատուհաներից բացվում է գեղատեսիլ բնապատկեր: Այստեղ է գտնվում վանքի միակ պահպանված բուխարին: Լայն աստիճանները վերև են տանում, ինչից կարելի է եզրակացնել, որ ամեն մի սենյակ երկհարկանի է եղել: Վանքի նկուղային սենյակներում գտնվում էին ախոռները, պահեստները և դարբնոցը, բայց հիմա նրանք ծածկված են հողով: Վանք-ամրոցը ունեցել է նաև ստորուղի և ջրմուղ, բայց նրանց հետքերը կորցված են:

Բովուրխան լեռան ստորոտում են գտնվում Լեռի-խաչ և Անահիտ մատուռները , վանքի աղբյուրը և պաշտպանական համակարգի մեջ մտնող 4 դիտակետ:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ