Քահանայի Տունը Բորլիում, Էսսեքս, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Շքեղ ապարանք, որը կառուցվել է նախկին վանքի տեղում: Տարօրինակ գաղափար, որն այդպես էլ երջանկություն չբերեց իր բազմաթիվ տերերից ոչ ոքին: Ապարանքը կառուցվել է 1863 թ. Հենրի Դոուսոն Էլիս Բուլլ քահանայի կողմից: Ժամանակին այս տեղում XIV դարի բենեդիկտյան վանք էր կանգնած: Տան ճարտարապետը ժամանակի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Ավգուստ Պյուջինն էր (1812-1851, անգլիացի ճարտարապետ, Բիգ Բենի հեղինակը): Տունը նախատեսված էր 14 երեխա ունեցող ընտանիքի համար: Այստեղ կար 35 սենյակ, մեծ ձեղնահարկ, հսկայական նկուղներ: Այս ամենն արված էր բարձրակարգ ոճով, որտեղ ամեն մասնիկ ունի իր գործածությունն ու դերը՝ պրակտիկ ու նրբագեղ:

Առաջին տիրոջ մահից հետո տունն անցավ նրա որդուն, այնուհետև՝ ձեռքից ձեռք մինչև 1939թ., երբ այդ ժամանակի սեփականատեր նախկին կապիտան Վ. գցեց լամպն ու այրեց ողջ տունը: 40ականների վերջին տան տեղում կառուցվեց փոքրիկ տնակ: Նոր տուն հին գաղտնիքներով:

Բորլի տան անունն անմիջականորեն կապված է պարանորմալ երևույթների մասնագետ Հարի Փրայսի անվան հետ: Նա բազմիցս այցելել է տունը՝ ուրվականների առկայության ապացույցներ փնտրելու նպատակով: Ու նա իրոք գտնում էր դրանք. թռչող քարեր ու ծաղկամաններ, հայելիների վրա թողնված “նամակներ” ուրվականներից և այլն: Բայց տարօրինակ զուգադիպությամբ հենց նա գնում էր տանից, անհետանում էին բոլոր “ապացույցները”: Դրա հիման վրա ժամանակի ընթացքում ոլորտի շատ մասնագետներ սկսեցին մեղադրել Փրայսին, որ նա կեղծ ուրվականներ է ստեղծում:

Բայց կա մի ուրվական, որ վաղուց է այստեղ հայտնվել, և կարծես չի պատրաստվում լքել տունը: Դա մի միանձնուհու հոգի է, ով ժամանակին ապրում էր վանքում: Նա սիրահարվել էր կողքի վանքի վանականին, նրանք որոշել էին միասին փախչել, բայց նրանց գաղտնիքը բացահայտվել էր: Երկուսն էլ մահվան էին դատապարտվել: Միանձնուհուն «փակել» էին վանքի պատերից մեկի մեջ: Մեկ ուրիշ լեգենդ ասում է, որ ուրվականը պատկանում է Մարի Լար անունով մի ֆրանսուհու, ով իր սիրեցյալի հետ փախել էր Անգլիա: Բայց հասնելով այստեղ՝ սիրեցյալը սպանել էր ֆրանսուհուն հենց այն վայրում, որտեղ հետո վանքն էր կառուցվել: Այսպես հասարակ սիրո պատմությունների պատճառով մարդիկ դարեր շարունակ չէին կարողանում հանգիստ ապրել իրենց տանը:

Տունը միշտ շատ սիրված է եղել մեդիումների ու պայծառատեսների համար: Այստեղ այցելել է ոչ միայն Հ. Փրայսը, այլև նրա օգնականները, և նույնիսկ նրա օգնականների բարեկամները: Նրանցից յուրաքանչյուրն ամեն անգամ նորանոր փաստեր էր “բացահայտում”: Օրինակ միանձնուհին մի տարբերակում սիրահարվել էր ոչ թե վանականի, այլ կալվածատիրոջ: Մյուս տարբերակում դա առհասարակ ոչ թե միանձնուհի էր, այլ՝ բարձրատոհմիկ կին:

Այս պատմությունն իր գործն արեց. այսօր Բորլիի տունն Անգլիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ, որպեսզի տեսնեն պատի մեջ փակված բարձրատոհմիկ միանձնուհուն: Ահա այսպիսին է Անգլիան. շատ բարձրաշխարհիկ ու չափազանց խճճված:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.foxearth.org.uk


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ