Բիոսֆերա, Մոնրեալ, Կանադա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Կանադա

Այս գրավիչ շինությունը կառուցվել է 1967 թվականին Մոնրեալում, որպես ԱՄՆ-ի ցուցահանդեսային տաղավար՝ Expo 1967 Համաշխարային տոնավաճառի համար: Ի դեպ, այս կառույցը համարվում էր Expo 1967-ի խորհրդանիշը: Տաղավարի առավել գրավիչ մասն էր հանդիսանում «Գեոդեզիական գմբեթը», որը կառուցված էր մետաղական կառուցվածքներից և պատված էր թափանցիկ ակրիլային թաղանթով: Այս օրիգինալ գմբեթը ճարտարապետ Ռիչարդ Բաքմինստեր Ֆուլլերի ստեղծագործությունն է, որը նրա առավել բարդ և կատարյալ աշխատանքներից է համարվում: Գմբեթի մետաղական կառուցվածքը երկշերտ է և կազմված է եռանկյուններից կազմված արտաքին և փոքր վեցանկյուններից կազմված ներքին շերտերից: Բարձրությունը կազմում է 61մ, իսկ գնդի տրամագիծը՝ 76 մետր: Շինությունը նաև հայտնի դարձավ իր ժամանակի ամենաերկար՝ 37 մետրանոց շարժասանդուղքով: Ֆուլլերի գլուխգործոց-գմբեթի ակրիլային ծածկույթն այրվել է 1976 թվականին՝ վերանորոգման աշխատանքների ընթացքում և տաղավարն ավելի քան 14 տարի մնացել է լքված վիճակում: Բարեբախտաբար կառույցի մետաղական կառուցվածքները չէին վնասվել, և 1990-ին Կանադայի բնապահպանության նախարարությունը գնեց կառույցն ու վերածեց այն ինտերակտիվ թանգարանի՝ Մեծ լճերի և Սուրբ Լորենս գետի ջրային էկոհամակարգերի ուսումնասիրության և ցուցադրման նպատակով: Ճարտարապետ Էրիկ Գոթյեի նախագծված նոր թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտվեցին 1995-ին, իսկ թանգարանն անվանվեց Ջրային: 2007-ին այն վերանվանվեց «Բիոսֆերա Շրջակա միջավայրի թանգարանի»: Թանգարանը, որն իր բնույթով միակն է աշխարհում, կազմակերպում է ինտերակտիվ, ուսումնական տարբեր ցուցահանդեսներ նվիրված շրջակա միջավայրի պահպանության ու աղտոտման խնդիրներին:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ